lragir.am Հրապարակ թերթը գրում է, որ հայկական իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու, քանի որ տեղի են ունենալու երկու չափազանց էական իրադարձություններ: Ըստ թերթի, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ, որոշել է կնքել իր 7 զավակներին, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում։

 

Այս իրադարձություններին բնականաբար հրավիրված է ողջ քաղաքական-բիզնես «էլիտան», եւ նրանք արդեն քանի օր է ծանր վիճակում են՝ չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն։ Դա Եվրոպական ու Մաքսային միությունը չէ, որ հեշտ կողմնորոշվեն: Առաջինում այս «էլիտան» կանգնելու էր ասպարեզը թողնելու հեռանկարի առաջ, իսկ Մաքսային միությունում նրանց առաջ լայն հեռանկարներ են բացվում: Եվրամիության դեպքում այս «էլիտան» պետք է ստանձներ պատասխանատվություն, իսկ Մաքսային միության ծիրում ամեն ինչ առավել քան բարեհաջող է դասավորվելու՝ այնտեղ նրա փոխարեն ուրիշներն են որոշելու, իսկ նրան մնալու են խնջույքներն ու հարսանիքները, որոնք արդեն իսկ բարձրացել են համազգային նշանակության ակցիաների մակարդակին:

 

Ըստ այդմ, Հայկական «էլիտայի» ընտրությունը տեղի ունեցավ ինքնապահպանման բնազդային ճշգրտությամբ:
Սակայն, սեպտեմբերի 28-ի հարցում ամեն ինչ առավել քան բարդ է, որովհետեւ կա ախպերությանը նեղացնելու վտանգ: Այստեղ արդեն բնազդը չի գործում, եւ պետք է բանական որոշում ընդունվի: Եւ, ըստ Հրապարակ թերթի, ելքը կարծես թե գտնվել է: Քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանայում» և Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիայում», «էլիտան» որոշել է մի տեղից մյուսը գնալ, ինչպես շախմատում են ասում՝ փոխատեղվել։

 

Ճաշը մի տեղում, ընթրիքը՝ մյուսում: Կյանքը կարճ է: