Անցած մի քանի օրերին ՀՀ հասարակության հայացքն ուղղված էր դեպի Ստրասբուրգ ոչ միայն այն պատճառով, որ ԵԽԽՎ նստաշրջանին ելույթ էին ունենալու հայ պատվիրակներն ու Սերժ Սարգսյանը, այլ որ 2009 թ-ից հետո Ֆրանսիայի հայության ազատ հատվածը դարձյալ բողոքի զանգավածային միջոցառում ձեռնարկեց: Այս անգամ բողոքի ցույցի վայր ընտրված էր ԵԽԽՎ շենքի հարակից տարածքը: Ի՞նչն է անհանգստացնում ֆրանսահայ ակտիվ զանգվածին: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Փարիզում բնակվող լրագրող, հրապարակախոս Լիլիթ Սիմոնյանի հետ:
«Նախ ասեմ, որ Ֆրանսիայի հայության ազատ հատվածն, անշուշտ կընդվզի հայաստանյան իշխանությունների՝ Զարուհի Փոստանջյանի դեմ այս գետնաքարշ պատժամիջոցները կիրառելու առիթով: Բայց ամենազարհուրելին սա չէ: Ավելի զարհուրելի է այն իրականությունը, որ տարիներ շարունակ «հայրենասերների» ջանքերով գաղտնի պահելուց հետո այնուամենայնիվ հայտնի կդառնա միջազգային հանրությանը: Բարեբախտաբար, կբացահայտվի նաեւ այն փաստը, որ Սերժիկ Սարգսյանը ընտրված ու օրինական նախագահ չէ... Որ օրինականության ու ժողովրդականության մասին նրա ամեն տեսակի ելույթները ոչ միայն ձեւական են ու պարապ, այլեւ ճիշտ սովետական ռեժիմի օրինակով էլ՝ բռնարարքներով են լեցուն... Որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունն իր վստահության քվեն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հայաստանյան քաղաքական ճահճացած կացության մեջ իշխանությունների վերարտադրության մեղքի ահռելի բաժին ունի ոչ միայն չեկիստական Կրեմլը, այլ այսպես ասած կեղծ ընդդիմությունը: Որովհետեւ ընկերային տարածքների մեջ նրանց բոլորի վայնասունը օրինակ Զարուհի Փաստանջյանի հարցի առիթով, դրանց համակիրների մեկնաբանություններն ու առհասարակ դատողությունները միանգամայն իշխանությունների պատվերները կատարելու ու նրան ժրաջան ու հավատարիմ ծառայելու ապացույց է:
Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Սերժիկ Սարգսյան, այսինքն' եռագլուխ դրակոնի երեք գլուխները, որ նաեւ մոսկովյան կամակատարներ են եղել թե՛ որպես իշխանություն, եւ թե՛ որպես ընդդիմություն, իրենց ապազգային ու անիրավ ներքին քաղաքականությամբ՝ կողոպուտով, ազգային ունեցվածքի յուրացումով, երկրի ընդերքը վաճառելով եւ արտաքին քաղաքականությամբ՝ Հայաստանը իր ինքնիշխանությունից զրկելու հետեւողական ծրագրով, իրականացրին եւ շարունակում են իրականացնել ռուս-թաթարական «Հայաստանն առանց հայի» ծրագիրը: Սրան մասնակցում է կեղծ ու իշխանական ընդդիմությունը, որ սոսկալի անհանգստացած է, թե ինչ կմտածեն դրսում Հայաստանի մասին օտարները: Սրանք պարզապես տեղյակ չեն, որ քաղաքակիրթ աշխարհը երբեք իշխանությունն ու պետությունը իրար հետ չի նույնացնում եւ եթե որեւէ բան մտածում է, ապա միայն ապիկար ու խաղամոլ Սերժիկ Սարգսյան ոճրագործի մասին, այլ ոչ հայի կամ Հայաստանի:
Ինչո՞ւ են այսքան անհանգստացած «հայրենասերները» իրականությունը բացահայտելու Զարուհու հրաշալի փորձով: Եւ այդ ինչպե՞ս պետք է «միջադեպը հարթի» «ընդդիմադիր» Վահան Հովհաննիսյանը, երբ ինքն ու իր կուսակցությունը տասնամյակներ շարունակ եղել են հայաստանյան ապիկար ու չընտրված, դրածո իշխանությունների սեղանակիցներ ու խնամիներ: Ինչո՞ւ են վերջապես հայաստանյան իշխանություններն ու նրանց հավատարիմ լարախաղացներն այն կարծիքին, թե տարաշխարհի մեջ իրենց կեղծիքը այլեւս ուժ ունենալու է: Որովհետեւ դեռեւս մարտ ամսին Փարիզի հայկական դեսպանատան առջեւ հավաքված հայությանը, որ իր զորակցությունն էր հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրան ընտրած ժողովրդին, անվանեցին «սադրիչներ» եւ մեկ ձայնով նույն երգը դեսպանատան հետ երգելով' փորձեցին թյուրիմացությո՞ւն ստեղծել: Սրանք մոռանում են մի շատ կարեւոր հանգամանք, մոռանում են, որ իրենց շնորհիվ տարաշխարհի հայությունը բարեբախտաբար կամ դժբախտաբար համալրվել է մտավորական ու ոգեղեն մարդկանցով, որոնց համար բոլորովին միեւնույն չէ Հայաստանի ազատագրության խնդիրը: Որոնք նաեւ հասցրել են իրենց հեղինակությունը ձեռք բերել ասենք ֆրանսիական քաղաքական ու մշակութային ասպարեզի մեջ եւ այլեւս չեն ենթարկվում «ավանդական ու դասական սփյուռք» համարվող չեկիստական կառույցի հրահանգներին, իրավացիորեն ներկայացնում են Հսյաստանի սոսկալի արտաքին ու ներքին արհավիրքները»: