ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների էր եկել լրագրողներին գործի դնելու։ «Բացեք գազի գնի պայմանագրի մանրամասները, ինչ է տեղի ունենում գազի գնի հետ կապված։ Փորձեք գլուխ հանել, եթե կարողանաք գլուխ հանել, փորձեք ինձ օգնել, մինչև այս պահը չգիտեմ ինչ է կատարվում, ինչ է կատարվել»,- հորդորեց նա և նկատեց, որ ինքն արդեն 6 ամիս է չի կարողանում հարցը պարզել։

Բոլոր պատասխաններն, ըստ ՀԱԿ պատգամավորի, խուսափողական են եղել, ոչ թե մերժողական կամ բացասական, այլ խուսափողական։ Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է մոտեցել, հարցրել թե տեղյա՞կ է արդյոք ԱԺ նախագահը այդ պայմանագրից, կա՞, թե չկա։ «Ասեց տեղյակ չեմ»,- ներկայացրեց Արամ Մանուկյանը և հավելեց, թե դա մտահոգիչ է, երբ մի երկիր մյուսի հետ որոշում է գազ թանկացնել, այն դեպքում, երբ կողմերից մեկը հենց ՀՀ կառավարությունն է (քանի որ 20% բաժնեմաս ունի), բայց պայմանագրից տեղյակ չէ։

«ԱԺ-ում հարցից հետո վարչապետն ինձ խնդրեց հարցից հետո մնալ. 10 րոպե զրուցել ենք։ Մանրամասները չեմ ներկայացնի, բայց ընդհանրական կարող եմ ասել, համոզում էր, որ այդպես է եղել, բացատրում էր, որ առանց պայմանագիր ոնց են կազմում, ոնց են ստուգում։ Այսինքն՝ առանց պայմանագրի է եղել»,- ասաց նա։

Դրանից հետո տեսնելով, որ ՀԱԿ պատգամավորը չի համոզվում, վարչապետը հարկ է համարել մի անգամ էլ զանգել ընդդիմադիր պատգամավորին։

«Երեկ ինձ զանգահարել է վարչապետը, և, հավատացեք, ես մինչև վերջ չհասկացա ինչ էր ուզում ասել։ Էլի ընդհանրական եմ ասելու, հարցրեց, թե՝ քեզ գրավոր հարցում տվել են, ասեցի՝ Տիգրան, ես վեց ամիս է, ամբողջ Հայաստանը գիտի, գազի գին եմ ուզում, ասեց՝ դու պետական պայմանագրի մասին ես ասում։ Ասեցի՝ բացի իմ ամբողջ սղագրությունը, մամուլը, եթե կգտնես մեկ հատ պետական բառ, ես իմ ասածներից հետ կկանգնեմ, ես խոսում եմ գազի գնի մասին։ Ինձ ասաց, որ այո, երկու սուբյեկտ ստորագրել են, ես հարցրի՝ բայց չէ որ սուբյեկտներից մեկի սեփականատերը մասնաբաժին ունի, ՀՀ կառավարություն է, «ՀայՌուսգազարդի» 20%-ը Հայաստանի սեփականությունն է, և դուք այդ պայմանագիրը չեք ներկայացնում 6 ամիս, ի՞նչն է պատճառը։ Ասեց՝ լավ հիմա ճշտեմ էներգետիկայի նախարարից ումից չգիտեմ, էլի կզանգեմ»,-խոսակցությունը ներկայացրեց ՀԱԿ պատգամավորը և նշեց, թե այդպես էլ հետ չի զանգել վարչապետը։

Արամ Մանուկյանին այսքանից հետո բան չի մնում, քան մի քանի հավանական տարբերակների եզրակացությունը։

«Գուցե ինչ-որ բան ստորագրված է, որը թաքցնում են, որովհետև բոլոր թղթերի հետքերով գնացել եմ, պայմանագիրը ոչ մեկ չի տեսել։ Պայմանագիր, եթե կա, ապա կարծում եմ այնպիսի բաներ կան, որը հրապարակելու ենթակա չէ, վատ բաներ են, ոչ թե պետական գաղտնիք է, այլ պայմանավորվածությունների առումով։ Սերժ Սարգսյանը երևի այնպիսի բաներ է խոստացել կամ այնպիսի պայմանների առաջ է խեղճացել, որ հնարավոր չէ ուղղակի հրապարակել»,- ասաց նա և անցավ մյուս հավանական տարբերակին։

«Մյուս տարբերակով՝ չկա պայմանագիր, գին են որոշել և այդ գնով ապօրինաբար մարդկանցից փող են վերցնում այսքան ժամանակ»,- նշեց նա և ավելացրեց, թե այդ փողերով էլ գուցե ինչ-որ մուծումներ են անում։

«Իմ ձեռքին է վարչապետի դիմումը հանրային ծառայություներին, որտեղ ասում է, որ գազը թանկացնել ոչ թե 270 դոլարով, այլ 180-ով, այսինքն՝ 30%-ով ավելի քիչ, իսկ վերջում ասում է, որ նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից։ Այսինքն՝ կառավարությունը ապրիլի մեկից սկսած մինչև հիմա սուբսիդիայի հույս ունի, և այստեղ լուրջ մեծ գումարներ են հավաքվել»,- եզրակացրեց նա։

Վերջում Արամ Մանուկյանը հայտարարեց, թե վճռական է. «Այլևս ոչ պետական գաղտնիք, ոչ կոմերցիոն գաղտնիք չեմ ընդունում, հասարակությանը թող ներկայացնեն, կամ թող փակ նիստ անեն ու պառլամենտում ներկայացնեն»։

Ընդդիմադիր պատգամավորն ամփոփեց. «Երկու Սարգսյաններն էլ անլուրջ մարդիկ են։ Նման անլրջություն մի ազգի գլխին չի կարելի խաղալ։ Սա անլուրջ վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ»։

Քանի որ պայմանագիրը երկու կողմ է ունենում, այդ իսկ պատճառով, լրագրողները հետաքրքրվեցին, թե մեղադրանքը վերաբերվում է նաև Ռուսաստանի՞ն. Արամ Մանուկյանը պատասխանեց, թե չի կարծում։

«Ես տեսականորեն չեմ բացառում, որ հայերը ուղղակի վերցրել ու թանկացրել են, և այդ դեպքում պայմանագիր չկա»,- ասաց նա և վարչապետի հետ զրույցից մի մանրամասնություն էլ ներկայացրեց. «Ասացի, եթե դու չես տա, ես Ռուսաստանից կբերեմ, Պետդումայից, ասեց՝ չես կարա»։

Արամ Մանուկյանն այս ամենը խայտառակություն համարեց. «Եթե չկա պայմանագիրը իսկապես խայտառակություն է, բայց եթե կա ու չի հրապարակվում, այդ խայտառակությունն ուրիշ տեղ է»,- ասաց նա։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցից տեղյակ էր։ Նա նշեց, թե պայմանագիր «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» միջև կա, բայց Հայաստանի և Ռուսաստանի հետ՝ չկա։

«Իմ ինֆորմացիայով Հայաստանի ու «Գազպրոմի» միջև որևէ պայմանագիր չկա»,- ասաց նա։ Հարցին, թե ինչպես է այդ դեպքում բարձրացվել գազի գինը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» պայմանագրով։

Իսկ հարցին, թե գոնե այդ պայմանագիրը կա՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։ Նա նշեց, թե հասկանալի է, որ Հայաստանը բաժնետեր է, բայց ինչ գիտեր նա էլ ասեց։