«5 անգամ գազը թանկացել է, բայց միայն մեկ անգամի մասին է ժողովուրդը տեղեկացել։ Հիմա փաստերով ու ժամանակագրությամբ ապացուցեմ, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ' կապված ընտրությունների հետ, և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և՛ պառլամենտից, և՛ ժողովրդից, և՛ ՀՀԿ-ից»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Վերջինիս խոսքերով' 2008-ին ընտրություններից հետո մի քանի ամիս հետո կնքվում է պայմանագիր, ըստ որի' 5 տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազը, պայմանագրում եղել է նաև կետ, որը թույլ է տալիս ընթացքում էլի թանկացնել գազի գինը։

 

«Խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո գազի գինն անմիջապես թանկացել է նախ 2010-ին' գործող 180 դոլար 1000 մետր խորանարդ գազի դիմաց վճարից դառնալով 255 դոլար։ Հետո գալիս են հաջորդ ընտրությունները, և 2013-ին պարզվում է, որ հերթական անգամ պետք է թանկանար գազը, մինչդեռ բացառում են, թե որևէ թանկացում, գործարք, փաստաթուղթ կա, որի հիման վրա պետք է գազը թանկանա։ Մենք հարցապնդումով հարց ենք ուղղել, որ 20% բաժնեմասն առևտրի առարկա է, մինչդեռ կառավարությունը նշեց, թե նման բան չկա։ Նրանք պաշտոնապես ասացին, որ թանկացումներ չեն եղել և չեն լինելու։ Մինչդեռ, մարտից արդեն ստորագրվում է պայմանագիր, որ գազի գինը դառնում է 270 դոլար, իսկ Տիգրան Սարգսյանը, սպասելով քաղաքապետի ընտրությունների ավարտին, գաղտնի պահելով թանկացումը' ապրիլի 1-ից է թանկացման մասին պայմանագրով մտնում գների կոմիտե», - ասաց Մանուկյանը։

 

Վերջինիս խոսքերով'ամբողջ այս թանկացումների ընթացքում, սակայն, ՀայՌուսագազարտը չի մուծել ավելացված գներով, այլ վճարել անընդհատ 180 դոլարով, որից հետո արդեն տարբերությունը պարտք է կուտակել և առաջացել է 300 մլն դոլարի պարտք։

 

«Պարտքը մերոնք մուծել են միայն 20%-ը տալով, այսինքն' գումարի 155 մլն-ի փոխարեն, իսկ թե ինչպես են մուծելու մյուս տարվա պարտքը' 130 մլն-ը, կրկին ոչ ոք չգիտի»,-ասաց նա' հավելելով, թե ընթացքում ստացվել է, որ քաղաքացին մուծել է ոչ թե 180 դոլար, այլ 70 դոլար ավել, որը կուտակվել էր և որը վճարվել է 20% ՀՀ ժողովրդի ունեցվածքի հաշվին, իսկ մյուս մասն էլ անհասկանալի է դեռ, թե ինչի հաշվին։

 

Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այս խարդախության մեջ դեռևս «էլի խութեր կան, որից մեկն էլ այն է, թե ինչի համար պետք է Ռուսաստանը մարի 300 մլն դոլար պարտքի գրեթե կեսը։

 

«Դե, դա կարող է լինել Նաիրիտը, Որոտանը, չգիտեմ' էլ ինչ: Այս իշխանությունը պատրաստ է տալ ամեն ինչ իր աթոռի համար»,-ասաց Արամ Մանուկյանը: