Զարուհի Փոստանջյանի հարցադրման շուրջ բարձրացված աղմուկը ստվերում թողեց ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանի արած, ըստ էության, սկանդալային հայտարարությունը: Պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, թե ինչու Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ չի ունեցել Հայաստանի քաղաքական ուժերի հետ' նա անկեղծացել է, որ ոչ բոլորի հետ է խորհրդակցել, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը իրեն իրավունք է տալիս` որոշելու երկրի արտաքին քաղաքական ուղղությունը:

 

Սակայն պատասխանի երկրորդ մասում Սարգսյանը հայտարարություն է արել, որը իրավամբ կարելի է համարել ուղղակի խոստովանություն այն մասին, որ ՄՄ-ի անդամակցելու որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման ներքո: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին' Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ կապող հազարավոր թելեր կան, Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մեկ երրորդը, որտեղ գերակշռողը գյուղատնտեսական արտադրանքն է և տրանսվերամշակված արդյունքները: Այս հատվածում Սերժ Սարգսյանը, չթաքցնելով դեմքին հայտնված ընդգծված դժգոհությունը, ասել է բառացիորեն հետևյալը. «Եվ պատկերացրեք, որ եթե տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանեն' ինչպիսի դժվարությունների առջև մենք կարող ենք կանգնել»:

 

Սա, ըստ էության, սկանդալային հայտարարություն է: Պարզվում է, որ մինչ այժմ Ռուսաստան արտահանվող մեր գյուղատնտեսական արտադրանքը համապատասխանել է տեխնիկական կանոնակարգերին, սակայն այլընտրանքային արտաքին քաղաքականություն որդեգրելու դեպքում, մեկ էլ տեսար, չհամապատասխանեց: Ավելի քան համոզված եմ, որ հենց այս ու նմանատիպ այլ «մեկ էլ տեսար» տիպի զգուշացումներ Սերժ Սարգսյանին տրվել են սեպտեմբերի 3-ի հայտնի մոսկովյան այցի ժամանակ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը ցանկացավ իր վրայից մաքրել «քցողի», անվստահելի գործընկերոջ պիտակը և ԵԽԽՎ ամբիոնից նուրբ ակնարկով հասկացրեց, որ «տղերք, ինձ էլ ճիշտ հասկացեք»: Սա ուղղակի բաց տեքստով հայտարարություն էր այն մասին, որ Ռուսաստանը զգուշացրել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում սպասվող «տեխնիկական կանոնակարգերի» խախտման և այլ պատժիչ գործողությունների մասին:

 

Իսկ այն, որ այդ թեմայով կարելի էր խորհրդակցել քաղաքական ուժերի հետ ազնվորեն և վստահության որոշակի «բագաժով» գնալ Մոսկվա' կասկածից վեր է: Ոչ թե եվրոպաներում, իբր պատահաբար, բերանից թռցնել:

 

Յուրահատուկ ներքին լվացքի արտահանում: Զարուհու ականջը կանչի...

 

Վարուժան Բաբաջանյան