Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ջերմուկ քաղաքում մասնակցեց Գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին, ինչպես նաև ծանոթացավ քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերին, որոնք ուղղված են զբոսաշրջության զարգացմանը։
Աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելեց նաև «Ջերմուկ ռեզորթ» հյուրանոց-առողջարանային համալիր, որտեղ ծանոթացավ շինարարական ընթացքին։
«Ջերմուկ ռեզորթ» հյուրանոց-առողջարանային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալու էր եկել նաև Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ով ասաց, թե իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքը կերևա մի քանի տարի հետո։
«Մի քանի տարիների ընթացքում մեջ քաղաքի պատկերը կտրուկ կփոխվի, բավական ներդրումային ծրագիր է իրականացվել՝ երկու ուղղությամբ, մեկը նման կարգի շենք- շինությունների կառուցման ծրագիրն է, և մյուսը քաղաքի հեռանակարային զարգացման ծրագիրն է»,- ասաց նա և նշեց, որ աշխատանքներ են տարվում Արփա գետի կիրճը մաքրելու և մաքուր հանգստի գոտի դարձնելու համար։
Հյուրանոցում ներդրումներ իրականացնող «Էլիտ Գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե «Ջերմուկ ռեզորթ» հյուրանոց-առողջարանային համալիրը Ջերմուկի ամենամեծ հյուրանոցը կլինի, որի ներդրումների ընդհանուր արժեքը 20 մլն դոլար է և որի աշխատանքները սկսվել են 2008թ-ից, իսկ կավարտվեն 2015թ-ին։
Արմեն Մկոյանը տեղեկացրեց, որ հյուրանոցից բացի հետաքրքիր նախագիծ ունեն՝ 250 մետր բարձրությամբ կիրճը իջնող վերելակ կառուցել, ինչն ըստ նրա՝ նորույթ կլինի և կխթանի զբոսաշրջությունը։ Կիրճ իջնելու երկրորդ վերելակը կլինի արդեն ջրվեժի մոտ։
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2008 թ-ին կառավարության որոշմամբ Ջերմուկը ճանաչվեց զբոսաշրջության կենտրոն և այդ պահից սկսած Ջերմուկում կատարվեցին խոշոր ներդրումներ, թե՛ պետության կառավարության, թե՛ մասնավորի կողմից։
«Պետության կողմից ներդրվել են խոշոր ծրագրեր թե՛ կրթական, թե՛ մշակույթի ոլորտում, հիմնովին փոփոխվել են փողոցային լուսավորությունը, այս պահին փոխվում են բազմաբնակարան շենքերի տանիքները, բարեկարգվում և ասֆալտապատվում են կենտրոնական փողոցները, ճեմուղիները»,- նշեց նա։
Ըստ քաղաքապետի՝ մասնավորի կողմից կառուցվել և կառուցվելու են առողջարաններ, հյուրանոցներ։ «Այս պահին Ջերմուկում կառուցապատվում են հինգ խոշոր հյուրանոցային համալիրներ, որտեղ, շուրջ 500 մահճակալներով կավելանա Ջերմուկի առողջարանային մահճակալների թիվը։ Բացի առողջարանից, տուրիզմից ու շախմատային քաղաքից Ջերմուկը նաև ձեռք է բերում ճանաչում որպես ֆորումների և համաժողովների քաղաք»,- նշեց նա։
Քաղաքապետը վստահեցրեց, որ հյուրանոցներն ինքնանպատակ չեն կառուցվում և դրանց կարիքը կա։