Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության առաջիկա ծրագրերին:

 

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, ևս 60 մլն դրամ նախատեսում է տրամադրել առաջիկայում: Ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով ևս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ:

 

Նոր տեխնոլոգիաների ներդրումը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտադրանքի տեսականին' հնարավորություն տալով մրցունակ դիրք զբաղեցնել ներքին և արտաքին շուկայում, ինչպես նաև խնայել լրացուցիչ դրամական միջոցներ և դրանք ուղղել արտադրության զարգացմանը:

 

«ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունն այժմ ունի 169 աշխատակից: Առաջիկա ծրագրերի արդյունքում նախատեսվում է ավելացնել աշխատատեղերի թիվը:

 

Ընկերության ապրանքատեսակները լայն կիրառում են գտել սննդամթերքի արտադրությունում, բժշկության և դեղագործության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում: Արտադրատեսակներն արտահանվում են Վրաստան, աշխատանքներ են տարվում նաև ՌԴ արտահանելու ուղղությամբ:

 

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսից:

 

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են ձեռնարկատիրական /բիզնես/ վարկեր: