Կառավարությունը երեք ընկերությունների ներդրումային ծրագրերին տվեց արտոնություններ: Մասնավորապես, հավանություն տրվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտին:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը նշեց, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որն իրականացվելու է Հրազդանում: Ծրագրով նախատեսվում է կատարել 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների և մոտ 580 մլն դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրով արտադրության ծավալը կկազմի մոտ 600 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «ԱՆԻՊԼԱՍՏ» ՍՊԸ-ի նմանատիպ հայտը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1,4 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 20 նոր աշխատատեղ:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը բավարարեց «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՍՊԸ-ի նմանատիպ հարկային արտոնության վերաբերյալ հայտը:
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրերի ու նկարչական ալբոմների արտադրության մեջ, ինչն իրականացվելու է Աբովյան քաղաքում: Ընկերությունը գործում է 2012 թվականից, նախատեսվում է իրականացնել 457 մլն դրամի ներդրում հումք եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրով կստեղծվի 6-9 նոր աշխատատեղ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այստեղ խոսքը մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումների մասին է: Նա հիշեցրեց, որ աշխատող քաղաքացիների թիվը Հայաստանում մեկ ամիս առաջվա տվյալներով 601 հազար էր, իսկ այժմ այն հասել է 604 հազարի: «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 64 հազար աշխատատեղերի աճ»,- փաստեց Վարչապետը: