Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը: Նա պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի որոշումը Երևանի Փակ շուկայի հետ կապված քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ:
Պատգամավորը վիճարկում է ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործությունը՝«Երևանի փակ շուկան ոչնչացնող» անձանց նկատմամբ: «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը հիշեցնում է, որ Երևանի Փակ շուկան հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է' Երևանի պատմության անբաժանելի մաս:
Փակ շուկայի կառուցապատողն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ Զ.Փոստանջյանի, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված' հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264-րդ հոդվածի խախտում' պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը: Ըստ բողոքի հեղինակի, թույլ են տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված է 315 պրիմ մեկ հոդվածի' ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315 պրիմ 2 հոդվածի' շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը, խախտումներ: