Թուրքական կառավարությունը Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանակից արգելված ռազմական գոտի համարվող 75 հազար քմ հողատարածքը «գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անվան տակ» 30 տարվա վարձակալության է տվել մասնավոր սեկտորին:

 

Այս մասին հայտնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը: Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչությունն արդեն գրավոր հայտարարություն է տվել այդ մասին' նշելով վարձակալության հիմունքներն ու պայմանները: Վարձակալող մասնավոր ընկերությանը մասնաբաժինը պետք է լինի նվազագույնը 65 տոկոս:

 

Նշվում է, որ Թուրքիայի արևելքում գտնվող այդ հատվածով հետաքրքրված են եղել Միացյալ Նահանգներում բնակվող հայ գործարարները: Ոչ վաղ անցյալում ամերիկյան որոշ գյուղատնտեսական ֆիրմաները մտադիր են եղել ներդրումներ կատարել այդ տարածքներում:

 

Թուրքական մամուլն այնքան է անհանգստացած այս լուրից, որ իրենց նյութերը վերնագրում են «Հայաստանի հետ սահմանը գաղտնի կերպով վաճառվում է».գրում է Ermenihaber-ը: