Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ»: Հայաստանում արդեն իսկ մեկնարկել են Արձագանք 2013 զորավարժությունները: 

 

Այս տարվա գարնանը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական ապարատը պետք է կառուցվի զինված ուժերի շուրջ, բանակը պետք է լինի առանցքը: Իսկ ավելի վաղ, մինչ նախագահական ընտրությունը, Հայաստանում նաեւ ընդունվել էր օրենք, ըստ որի բանակը կարող էր կիրառվել ներքին գործընթացներում, եթե այլ իրավապահ կառույցների ուժերը չբավականացնեն: Այս թեմայի շուրջ Հայկ Արամյանը իր վերլուծականում գրում է. «Այս ֆոնին, Անվտանգության խորհրդի նիստը կարծես թե առաջին քայլն է ասվածը գործնական հուն տեղափոխելու տեսակետից:

 

Ի՞նչ է սա, եւ որոնք են այս իրավիճակի ներքին ու արտաքին բաղադրիչները:
Ժամանակին եղան մեկնաբանություններ, որ բանակի մասով Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իր ներքին դիրքերը, փաստացի օրինականացնելով զինված ուժերի ներգրավումը ներքին գործընթացներում: Հնարավոր է՝ այս հանգամանքն իր դերը կատարեց Հայաստանի ներքին գործընթացներում թե ընտրական շրջանում, թե հետընտրական զարգացումներում, երբ այսպես ասած հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին ընտրությանն անմիջական մասնակցությունից:

 

Հետընտրական շրջանում հիմնական քաղաքական խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցն էր, որի համատեքստում նշվում էր, որ Եվրոպական ասոցիացիան ընտրելու պարագայում հնարավոր է Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում կազմակերպի: Նշվում էր նաեւ, որ այդ դեպքում իշխանությունը կանցներ զինվորականներին, եւ ոչ թե այն քաղաքական ուժերին, որոնց վրա պետք է հենվեր Մոսկվան»: 

 

Վերլուծաբանաը գրում է, որ Սերժ Սարգսյանը ընտրեց Մաքսային միությունը, սակայն այն, ըստ էության, ոչինչ չտվեց ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մեջ: Ըստ հեղինակի` բաց են մնում ՄՄ-ի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումները: Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի պատերազմի` վերափոխելով ուժային կառույցների դերն ու գործառույթները: Հավանաբար նախագահը երկու պատերազմ է պատրաստվում մղել. ներքին և արտաքին: Հեղինակը գրում է. «Նոր պատերազմում Հայաստանը ստիպված է լինելու լուծել մի քանի խնդիր:

 

Նախ, բուն հակառակորդի խնդիրը, որի հետ ռազմական բախումները վերջին շրջանում հաճախակիացել են: Երկրորդ, ամենակարեւորը՝ Հայաստանը ստիպված է լինելու լուծել Հայաստանում ռուսական բազայի ներգրավվածության խնդիրը: Ղարաբաղում հայերը սկսեցին հաղթանակներ տանել, երբ Ստեփանակերտից դուրս բերվեց ռուսական բազան, որը մինչ այդ օգնում էր ադրբեջանական բանակին եւ զսպում հայերի գործողությունները: Ընդ որում, Հայաստանը պետք է ոչ միայն կարողանա չեզոքացնել բազայի գործոնը, այլեւ վերցնել ողջ սպառազինությունը:

 

Եթե դա չհաջողվի, պարտությունն անխուսափելի է լինելու:
Հնարավո՞ր է արդյոք նման սցենար: Լիովին, նկատի առնելով, որ ինչ որ պահի Ռուսաստանին անհրաժեշտ է լինելու ոչ մեծ պատերազմ, սեփական խնդիրները տարածաշրջանում լուծելու համար, որոնք մնացել են առկախ նույնիսկ Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո:

 

Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա Սերժ Սարգսյանը փորձելու է այս հանգամանքն օգտագործելով՝ չեզոքացնել «ղարաբաղյան գործոնը» եւ փորձել լուծել սեփական իշխանության խնդիրը: «Պատերազմի սպառնալիքը» նրան այդ հնարավորությունը տալիս է, ինչպես արդեն եղել է նախկինում»: 

 

Ավարտելով հոդվածը` Հայկ Արամյանը հարցադրում է կատարում, թե  արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել անվտանգությանը առնչվող լուրջ խնդիրների: Վերջինս կասկածով է մոտենում այս ամենին` մատնանշելով Անվտանգության Խորհրդի կազմն ու իրական մոտիվացիաները: