Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան են հայցել 283 օտարերկրացիներ:

 

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ դիմողների գերակշռող մասը՝ 258-ը, Սիրիայից են: Մնացած 25-ից 15-ը Իրաքից են, 8-ը՝ Իրանից:

 

Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Կայացվում է կամ Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ դիմումը մերժելու մասին որոշում: Դրանով պայմանավորված՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ապաստան են ստացել 397 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մի մասն ապաստան էր հայցել դեռևս նախորդ տարի: Ապաստան ստացածներից 373-ը Սիրիայից են, 21-ը՝ Իրաքից, 3-ը՝ Իրանից:

 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: ՄՊԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»