«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պետական բյուջեն ավելի քիչ ծախսեր է անում, քան եկամուտ է ստանում ու կառավարության մոտ առաջանում է ավելորդ փող՝ «հավելուրդ»: Լավ է դա, թե վա՛տ, որ կառավարությունը ավելորդ փող ունի, աոանձին քննարկման հարց է: Բայց այստեղ կա մի ուրիշ հանգամանք: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, այդ հավելուրդը հսկայական է՝ ավելի քան 62 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս տարվա միայն 8 ամիսների ընթացքում կառավարությունը կարողացել է խնայել այդքան փող:
Կառավարությունը հաջորդ տարվա հուլիսից պետք է բարձրացնի բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բյուջետային հիմնարկների աշխատողներին ավելի բարձր աշխատավարձ վճարելու համար կպահանջվի լրացուցիչ 36.6 միլիարդ դրամ: Իսկ կառավարությունը միայն այս տարվա 8 ամիսներին կարողացել է «ետ գցել» ավելի քան 62 միլիարդ դրամ:
Ստացվում է, որ հենց այս պահին կառավարությունն ունի մեկ ամբողջ տարի բյուջետային աշխատողներին բարձր աշխատավարձ վճարելու համար անհրաժեշտ «հավելուրդ»: Այս պահին ունի, սակայն մտադիր է աշխատավարձերը բարձրացնել միայն հաջորդ տարվա հուլիսի 1- ից: Դատելով այդ «հավելուրդի» աճի տեմպից՝ մինչև տարեվերջ կառավարության մոտ կգոյանա ավելի քան 100 միլիարդ դրամ «լրացուցիչ գումար»: Սա էլ արդեն բավարար կլինի մեկուկես տարի բարձր աշխատավարձեր վճարելուն: Եվ ուրեմն, ո՞րն է կառավարության նման «քծիբության» պատճառը»: