ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Yerkir.am-ի հետ զրույցում անվանել է «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»: «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ' որպես Ռամիլ Սաֆարովի»,- հայտարարել է Խաչիկ Ասրյանը: Փոխնախարար Խաչիկը նաև առիթը բաց չի թողել՝ հաճոյանալու Սերժ Սարգսյանին, հայտարարելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ իր համար ՀՀ-ն, հայոց պետականությունը ամենամեծ ընտանիքն է, իսկ «Հայոց նախագահ» Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ' հատկապես երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:

 

Իհարկե, հասարակությանը ոչ անհայտ փոխնախարարի վարքագիծը վաղուց պետք է բժշկական զննության առարկա դառնար, մինչդեռ համապատասխան բուժհաստատությունում մեկ մահճակալ զբաղեցնելու փոխարեն՝ բազմել է փոխնախարարի տաքուկ աթոռին: Հիտլերյան ժեստիկուլացիայով և անհեթեթ պաթետիկ ելույթներով հասարակությանը հայտնի գործիչը մինչև այժմ չի հասկացել, որ իր պաշտանմունքը երկրի նախագահի անձի նկատմամբ ընդգծելու համար չի կարելի անիմաստ, տափակ հայտարարություններ անել: «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ' որպես Ռամիլ Սաֆարովի». այսպիսի հայտարարություն անող փոխնախարարը նույն օրն իսկ պետք է դուրս վռնդվեր պետական համակարգից, որովհետև այդպիսի հոգեպես անհավասարակշիռ վիճակում արտաբերված ֆրազները վարկաբեկում են պետական կառավարման ինստիտուտը:

 

Ընդդիմադիր գործիչների բառապաշարը ամբողջ աշխարհում տարբերվում է իշխանական գործիչների արտահայտություններից, որովհետև վերջիններս պետությունն են ներկայացնում և նրանց շուրթերով ամբողջ երկիրն է խոսում: Ընդդիմության գործիչները ներկայացնում են հասարակական որևէ խմբի տեսակետ, հետևաբար նրանք իրենց կարող են թույլ տալ ցանկացած բնույթի հայտարարություններ:

 

Եվ ընդհանրապես, բավական է թուրքերին հղումներ անել ամեն անգամ, երբ ինչ որ բան իշխանությունների սրտով չէ: Դրանով նրանք առավել մեծ ծառայություններ են մատուցում մեր թշնամիներին: Իսկ երբ ֆեյսբուքյան գրառման մակարդակի անհավասարակշիռ հայտարարություններ, անգամ բռնության կոչեր է անում պետության փոխնախարարներից մեկը՝ ավելի լավ խրախճանք թուրքական լրատվամիջոցների համար ուղղակի անհնար է պատկերացնել:

 

Իսկ պաթետիկ ապուշություններ դուրս տալու համար շատ երկրների պետական պաշտոնյաների են դուրս վռնդել համակարգից: Կամ ուղարկել են հարկադիր բուժման: Համապատասխան հաստատություններում Նապոլեոնների, Պուտինների և այլոց կողքին մեկ Ադոլֆ այս կողմ, թե այն կողմ, հաշիվ չէ: