«Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Այս խոսքերը պատկանում են տխրահռչակ փոխնախարար Խաչիկ Ասրյանին, ով երեկ պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով և մուտուտումբու ցեղերին հատուկ պատժամիջոցների կոչ էր արել ԱԺ պատգամավորի վերաբերյալ: Անհավասարակշիռ, ավելին՝ բժշկական և քննչական մարմինների կողմից զննության ենթակա պսևդոհայտարարությունը արժանացավ բուռն քննադատության, արդարացիորեն հնչեցին Ասրյանին պաշտոնանկ անելու և համապատասխան բուժհաստատություններ հարկադիր բուժման ուղարկելու կոչեր: Ի պատասխան քննադատությունների՝ փոխնախարար Խաչիկը ոչ միայն չմեղանչեց անմեղսունակ հայտարարությունների համար, այլև հանդես եկավ քննադատական գրառումների հեղինակներին ուղղված մտավարժանքներով՝ գրառմանը կցելով պատասխանատվությունից խույս տալու անիմաստ փորձեր: Ահա նրա մտքի նոր մարգարիտը. «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:


Ուշադրություն դարձրեք երիտասարդ փոխնախարարի՝ սեփական խոսքերը աղավաղելու և արդարանալու փորձերին: Մարդը մեկ օր առաջ հստակ արտահայտվել է. «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Եթե որպես ճշմարտություն ընդունենք նրա արդարացումը, որ նկատի է ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, ապա այս դեպքում փոխնախարարը կարո՞ղ է բացատրել, թե ինչ պատիժ է նախատեսել Ռամիլ Սաֆարովի համար: Չէ՞ որ նրա խանգարված երևակայության արդյունքում Զարուհուն պետք էր այրել որպես Ռամիլ Սաֆարովի, այսինքն որպես մի մարդու, որը կացնահարել է հայ սպային: Նա հավասարության նշան է դրել այդ երկու իրողությունների միջև, հետևաբար պետք է պահանջեր համարժեք պատիժ: Ստացվում է, որ Սաֆարովի նկատմամբ Խաչիկը անսովոր քնքշություն է ցուցաբերում: Նույնպիսի քնքշություն, որով իշխանություններն են վերաբերվում իրենց ստորաքարշորեն ծառայող տարաբնույթ թռչուններին:

 

Իր քննադատների վերաբերյալ հնչեցրած հիստերիկ լուտանքներին պարզապես անիմաստ է անդրադառնալ: Մեր երկրի թշվառությունը նրանում է նաև կայանում, որ Խաչիկ Ասրյանի նմանները ոչ միայն կառավարման համակարգում առանցքային պաշտոններ են զբաղեցնում, այլև հոգեբուժարանում մենախոսելու փոխարեն բարձր ամբիոններից կարծիք են արտահայտում:


Զարմանալի է, բայց Առողջապահության նախարարությունը և Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չեն արձագանքել փոխնախարարի կոչերին:


Իսկ Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր հնարավորություն ձեռքից բաց թողեց՝ իր միջազգային վարկանիշը փոքր ինչ բարելավելու համար: Պարզապես անհրաժեշտ էր այդ հոգեպես անհավասարակշիռ երիտասարդին դուրս վռնդել պաշտոնից՝ ցույց տալու համար, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը չի խրախուսում իր քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերը: