Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» թերթի «Երևանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է» հրապարակումը, դիմել էր Երևանի քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել դիմումը և ուսումնասիրել, արդյոք իր որդիներին պատկանող ընկերություների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Ըստ թերթի հրապարակման թիվ 18 ավտոբուսային երթուղին սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի որդին է' Անդրանիկ Նավասարդյանը, իսկ մյուս որդուն՝ Դավիթ Նավասարդյանին է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով:
Դրան զուգահեռ, Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ Հ. Նավասարդյանը դրսևորել է հանրային ծառայողին անվայել վարքագիծ: Մասնավորապես, հանրային ակցիաներից մեկի ժամանակ, երբ www.ilur.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողը մոտեցել է նրան ու փորձել հարց տալ, պաշտոնյան՝ ձեռքը բռունցք սեղմած, շարժվել է լրատվամիջոցի լրագրողի ուղղությամբ ու հայհոյել նրան: Ակնհայտ է, որ Հ. Նավասարդյանի վերոնշյալ վարքագիծը հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի' Երևանի քաղաքապետարանի նկատմամբ:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ ի թիվս այլ պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանում ևս պետք է ձևավորված լիներ և գործեր էթիկայի հանձնաժողով: Սակայն ԹԻՀԿ դիմումին պատասխանել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ինչը նշանակում է էթիկայի հանձնաժողովի բացակայություն, որի պարագայում խախտվել է օրենքի պահանջը և դիմումին տրվել է պատասխան ոչ իրավասու անձի կողմից:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն