Այսօր տասնյակ փաստաբաններ կլոր- սեղան քննարկում էին կազմակերպել ընդդեմ կառավարության նոր որոշման։ Գործադիրն առաջարկում է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ։ Ըստ այդ որոշման՝ յուրաքանչյուր փաստաբանի մեկ տարով գրանցամատյանում հաշվառելու համար գանձվելու է 60 հազար դրամ տուրք։ Իսկ այդ լիազորությունը վերապահված է ՀՀ արդարադատության նախարարությանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը առաջարկությունը «բացասական օրինագիծ»համարեց, քանի որ այն վտանգի տակ է դրվում փաստաբանների անկախությունը։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, նշում է, որ այս նախագծով որևէ մարմին Փաստաբանների պալատից չի վերցնում փաստաբաններին արտոնագիր տալու լիազորությունները ու նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ։
«Դա ավազակություն է, կողոպուտ». կառավարության այդ քայլը այսպես բնորոշեց Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը: Փաստաբանների գործունեությանը վերաբերող կառավարության նախաձեռնությունը բարկացրել է Փաստաբանների պալատի անդամներին: Բանն այն է, որ կառավարությունը սահմանում է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվելու է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ՝ նախատեսվում է, որ ՀՀ Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար պետք է գանձել պետական տուրք' 60.000 դրամ: Ներկայում փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ անվճար: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համոզված է, որ չի գտնվի որևէ փաստաբան, որը կողմ կլինի կառավարության առաջարկին, դրանով վտանգի տակ է դրվում փաստաբանների անկախությունը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնելով կառավարության այս նախաձեռնությունը ասաց, որ այդպիսով փորձ է արվում ՓՊ անդամներից գումարը գանձել և այն ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորմանը։ Նկատենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պետպատվերի շրջանակներում դատարաններում պաշտպանում է սոցիալապես անապահով մարդկանց շահերը։
Փաստաբանների դժգոհությունը սկսվել էր դեռ մի քանի օր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այսօր պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս նախաձեռնությունը, եթե ընդունվի, իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի' ընդհուպ մինչև գործադուլ»։
Նկատենք, որ կլոր-սեղան քննարկմանը արդարադատության նախարարությունից ներկայացուցիչներ չկային, թեպետ հրավիրվել էին. նրանց հատկացված «մեղադրյալի աթոռը», ինչպես կատակեց Արա Զոհրաբյանը, այդպես էլ ողջ քննարկման ընթացքում թափուր մնաց։
Իսկ ահա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրի հետ կապված պարզաբանումներ տվեց… լրագրողներին։ Ըստ նրա՝ փաստաբանները փաստերը խեղաթյուրում են։ Նախագծով որևէ մարմին Փաստաբանների պալատից չի վերցնում փաստաբաններին արտոնագիր տալու լիազորությունները, արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ։ Ի դեպ՝ նախարարը հիշեցեց նաեւ, որ կառավարություը Փաստաբանների պալատին նվեր է մատուցել քաղաքի կենտրոնում եվրոպական չափանիշներին համապատասխանող տարածքի տեսքով։