Կապանի բնակչուհի, 31-ամյա Մանե Մովսիսյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

 

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի' նա, 08.01.2012թ. համացանցի ծրագրով ծանոթանալով «Տիգրան Դերվիշյան» տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:

 

Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես' այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:

 

Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասով՝ պետական դավաճանությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ նախնական կալանքը նա կրում է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում: Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 18-ին: