Գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակը բուռն քննարկումների առիթ տվեց: Դժգոհության ալիք բարձրացավ հասարակության առողջ զանգվածի մոտ: Շատերը նրան մեղադրեցին և համարեցին Արցախը Ռուսաստանի տիրապետության տակ հանձնելու գաղափար սերմանող: Պատճառն այն է, որ նամակն իրականում աղմկահարույց էր, որովհետև Զորի Բալայանն իր նամակում Արցախը համարում է ոչ թե հայերի հարց, այլ` Ռուսաստանի: Ռեակցիան, կարծում եմ, բնական է, որովհետև շատերի համար անհասկանալի է այն, թե ինչպես կարելի է կռվով ետ բերած հողերը հանձնել մեկ այլ ազգի: Այս թեմայով Սևակ Սահակյանն իր վերլուծականում գրում է. «Տեսնելով, թե ոնց են Զորիին «պոդդերժկա» անում զանազան իշխանական դհոլները, պարզ է դառնում, որ Բալայանի նամակը, մեղմ ասած, համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ:

 

Սերժ Սարգսյանը նախագահության առաջին իսկ օրվանից իր առջև դրել է իշխանությունն ամեն գնով պահելու հարցը: Սեպտեմբերի 3-ից հետո էլ վերջնականորեն պարզ դարձավ, որ Սերժին «վերընտրվելու» և սահմանադրական փոփոխությունների «դոբրոն» կարող է տալ միայն Պուտինը: Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն այսպիսի «քծնանքի երեկոներ» է կազմակերպում ռուս ցարի պատվին:

 

Սերժ Սարգսյանն այս կերպ փորձելու է վերադարձնել ռուսների մոտ կորցրած վստահությունը: Սակայն, ռուսները արդեն շատ լավ հասկանում են, որ Սերժը վստահելի անձնավորություն չէ, և եթե նա այսօր պատրաստ է հանձնել Ղարաբաղը ռուսներին , ապա վաղը, մյուս օրը ռուսներին էլ կքցի: Ցավալին այս իրավիճակում այն է, որ Սերժը շարունակում է գետնով տալ Հայաստանի պատիվը»:

 

Հրապարակախոսի նամակի մասին, իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է. «Իհարկե, ցանկացած մարդ կարող է, իրավունք ունի ցանկացած նամակ գրելու ցանկացած երկրի ղեկավարի: Սակայն Զորի Բալայանը պատահական անձնավորություն չէ, նա կանգնած է եղել Արցախյան շարժման, ապա և ազատամարտի ակունքներում: Այս տեսանկյունից է, որ մտահոգիչ է այդ նամակը: Իհարկե, ծանոթ եմ բովանդակությանը:

 

Ցավում եմ, որ դրանում ոչ միայն արտացոլված չէ ազատ, անկախ, ինքնիշխան պետության քաղաքացու հպարտությունը և արժանապատվությունը, այլ հակառակը` անիմաստ գանգատներ հարևան-հակառակորդներից և աղերսանքներ` վերջինների հետ հակամարտության ընթացքում կանգնել մեր կողքին: Էլ չեմ խոսում Գյուլիստանի պայմանագրի մասին, ըստ որի Արցախը պետք է պատկանի ոչ թե Հայաստանին, կամ գոնե անկախ լինի, այլև պետք է պատկանի Ռուսաստանին: Սա թույլի, պարտվածի հոգեբանությամբ գրված նամակ է, որը սազական չէ ո´չ հայ մտավորականին, ոչ էլ նախկին բռնցքամարտիկին»:

 

Ըստ Խուրշուդյանի` նամակը ուղղված էր ավելի շատ մեզ` հայ հասարակությանը, քան Պուտինին, ով, հնարավոր է, և չի կարդացել  նամակը:

 

Այսպես թե այնպես նամակի հետ կապված դժգոհության ալիք կա, բայց թե ում պետք է ուղղված լինի այդ դժգոհությունը, իր հոդվածում օրինակ`  Սևակ Սահակյանը շեշտում է, որ դժգոհությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի Զորի Բալայանը, այլ` դեպի Զորիի «մուսա» Սերժ Սարգսյանը: