Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե Ռուսաստանի նախագահին հրապարակախոս Զորի Բալայանի նամակին հավանություն տալու համար շուտով կարող է կարգալույծ արվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

«Դա բացարձակ սուտ է և անհեթեթություն, ով հորինել է այդ սուտը, իրենցից հարցրեք, թող իրենց աղբյուրն ասեն: Նա Մայր Աթոռի հետ կապ չունի, Պարգև սրբազանն իր տեղում է, իր թևում է իր ծառայության մեջ»,- Tert.am-ին ասաց Տեր Վահրամը:

 

Նշենք, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնում բավական վրդովված են այն հանգամանքից, որ Պարգև սրբազանը հավանություն է տվել այդ նամակին, որում հեղինակը կոչ էր անում վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, որով Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի տիրապետության տակ էր։

 

Նամակի բովանդակության մասին Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հրաժարվեց մեկնաբանություններ անել՝ նշելով, որ իրենք քաղաքական մեկնաբանություններ չեն անում։

 

«Եթե անհրաժեշտություն լինի հավելյալ մեկնաբանություններ անելու, Մայր Աթոռը կանի: Որևէ հոգևորական ազատ է իր մեկնաբանություններն անելու և ներկայացնելու հանրությանը, այդ առումով որևէ արգելք չկա, այնպես որ Պարգև սրբազանն իր կեցվածքն արտահայտել է և դրանում մենք որևէ վատ բան չենք տեսնում»,– ասաց Տեր Վահրամը: