Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

 

 Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

 

 Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

 

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում' իր պապերի տանը...

 

Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։

 

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

 

1975-ին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես' նվիրված Մեծ եղեռնին։

 

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978-ին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու։

 

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

 

1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև' անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

 

1991-ին' բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, 7 ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։

 

Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։

 

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։

 

Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով Մոնթեի խիզախությունները՝ 1992 թվի հունվարին հանձնարարում է նրան Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր, ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետև, եթե չաներ, չէր կարող։

 

Մոնթեն` որպես զորավար, սպա և' հրամանատար, կայացավ դժվարին մարտերում, նա և՛ զինվոր էր, և՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։

 

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, բայց ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ, ապա' կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե' գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, ասու էր. «Այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։

 

Նրա մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետև հագինը մաշված էր»։ Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։ Սակավապետ, ամենաքչով և անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում և պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց և ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաև' երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաև 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի, մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց. «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն, առողջարար է»։ Ծիծաղեցի, նեղությունս անցավ»։

 

Դեռևս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։

 

«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,-Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե´ մարտի դաշտում, թե´ թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին։

 

...Առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։

 

 

Ետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։

 

Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։

 

... Ամեն երեկո,
Դաշտից տուն դարձող
Մոնթեաբերդին
Հանդից քո բաժին
Ծաղիկն է բուրում
Ու գրկիդ դնում...

 

Մոնթե Մելքոնյան - մեջբերումներ

 

«Ինծի համար ամեն ինչն այնքան պարզ ու տրամաբանական էր, որ նույնիսկ թվաբանական էր: Սփյուռքահայությունը Հայաստանեն դուրս կապրի, քանի որ ցեղասպանություն եղավ, և անիկա պարտավոր եղավ երկիրը ձգելու: Այսօր չի կրնար վերադառնալ, քանի որ Թուրքիո պետությունը գաղութատիրաբար, շահագործող, այլամերժ և ուղղակի ֆաշիստական բնույթ ունի: Ուրեմն մեր ժողովուրդը պետք է հոն զինվյալ պայքար մը տանի որևէ շոշափելի իրավունք ունենալու համար: Իսկ ամեն մեկ հայ հայրենասեր (անշուշտ ներառյալ նաև ես) պետք է երթա և մասնակցի այդ պայքարին: Այո, ինծի համար այսքան պարզ էր:
1977թ.:

 

* * * *

 

Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր, և այլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն:

 

(1981 թ. դեկտեմբերի 8, հատված ֆրանսիական դատարանի առջև ինքնապաշտպանական ճառից՝ կեղծ անձագիր կրելու պատճառով դատվելու առիթով)

 

 

* * * *

 

Շահագործումն ու ճնշումը իրենց էությամբ բռնության ձևեր են, և ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է և համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում' մարդ ծնվել է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետևողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձևով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձևով գլուխ բերել: Այսքան պարզ:

 

1986թ., հատված բանտից գրված նամակից

 

* * * *

 

Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է:
(1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից)

 

* * * *

 

70 տարի սփյուռքում խոսած ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչի, այնինչի մասին: (...) Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, ա՛յս օրերին, ա՛յս շաբաթներին, ա՛յս տարի:

 

1991թ., հոկտեմբեր, սփյուռքահայ ընկերներին և բարեկամներին ուղղած տեսաերիզային ուղերձից

 

* * * *

 

Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար դիմադրելուց բացի այլընտրանք չկա: (...) Ուրեմն այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պետք է հաղթե՛նք: Պե՛տք է հաղթենք: (...) Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական և կազմակերպված:

 

(1992թ. հունվարի 25, հատված սփյուռքահայ ընկերներին ու բարեկամներին ուղղված ուղերձից):

 

* * * *

 

Հայկական հարցի լուծման համար, այսինքն հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը: (...) Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում:

 

(1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից)

 

* * * *

 

Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ' իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:

 

(1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից)

 

* * * *

 

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար և այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է:

 

Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին և նաև պարտականությունն է: Եվ զարմանային այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին: Շատ պիտի ուզենայի, որ թե Հայաստանեն ավելի շատ մարդիկ գան, թե Սփյուռքեն: Այսինքն ինչքան հայ կա, իսկական հայրենասերներ, իրենց տեղը այսօր Արցախի մեջն է:

 

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել' անձնուրաց հերոս, ֆանատիկոս, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով և այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար' Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետևից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։

 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

«Մարտավարության հմուտ վարպետը».

 

Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը' Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջև պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։

 

Որպես մարդու, անհատի' նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր' չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ' մարդկային իրատեսական վերաբերմունքով։

 

Որպես զինվորական' մարտավարության հմուտ գիտակ էր' փոքր ստորաբաժանումներից մինչև խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։

 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: