Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում: Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում: Եղել է Արևմտյան Հայաստանում' իր պապերի տանը...

 

Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։

 

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու: Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի: Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը: Վերադառնում է Ամերիկա' լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

 

1975-ին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը: 20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ: Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես' նվիրված Մեծ եղեռնին:

 

 

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978-ին: Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար: Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան' Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու։

 

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

 

1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ): 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է' Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև' անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

 

1991-ին' բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, 7 ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում' «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։

 

Օգոստոսին ամուսնացավ լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնեց Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։

 

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց: Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե′ հրամանատարների, թե′ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է' ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր:

 

 

Արցախի պաշտպանության ղեկավարությունը' տեսնելով Մոնթեի խիզախությունները, 1992 թվականի հունվարին հանձնարարեց նրան Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը: Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն' նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր, ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետև, եթե չաներ, չէր կարող։

 

Մոնթեն' որպես զորավար, սպա և' հրամանատար, կայացավ դժվարին մարտերում, նա և′ զինվոր էր, և′ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։

 

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ: Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, բայց ինքը չէր վերցնում ոչինչ: Հաճախ լվանալ, ապա կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները' նորից հագնելու համար: Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե' գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, ասու էր. «Այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։

 

Նրա մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետև հագինը մաշված էր»: Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»: Սակավապետ, ամենաքչով և անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում և պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն: Դժգոհում էին, բայց և ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար: Հիշում է նաև' երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաև 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր: Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրի մեքենան: Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին: Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար: Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի, մեքենան' իմը, վարորդը' իմը, բենզինը' իմը, չե՞ս տալի: Զայրացավ' չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի: Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց. «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն, առողջարար է»: Ծիծաղեցի, նեղությունս անցավ»։

 

Դեռևս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։

 

«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև' կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե′ մարտի դաշտում, թե′ թիկունքում: 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից' անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային' ներսը և շուրջը զինվորներ: Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին։

 

...Առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։

 

Ետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման: Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։

 

Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել' Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։