Գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին մեծ արձագանք գտավ Հայաստանում: Նման արձագանքի պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան նամակի բուն տեքստն է, որքան՝ համատեքստն ու ենթատեքստը:
Քչերն են դա ընկալում որպես Բալայանի հեղինակային ստեղծագործություն: Գրեթե համընդհանուր ընկալմամբ, դա կոլեկտիվ մտքի արգասիք է, եւ ուրեմն՝ գույները խտանում են այս պատճառով: Առավելեւս՝ Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունների ֆոնին, երբ նա ազդարարեց Մաքսային միությանն անդամակցելու «Հայաստանի որոշման» մասին:
Դավաճանությունից փրկություն. այսպիսին է Բալայանի նամակի առաջին արձագանքների ամպլիտուդը: Իրականում, սակայն, դա ոչ թե ամպլիտուդ է, այլ յուրօրինակ կոնսենսուս, որովհետեւ նրանք, ովքեր դա դավաճանություն են անվանում, ըստ էության նույն բանն են ասում, ինչ նրանք, ովքեր դա անվանում են փրկություն: Վերջիններիս փաստարկն այն է, որ Ղարաբաղի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելը միակ տարբերակն է, որ մեզ կփրկի հզորացող նավթային Ադրբեջանի ճիրաններից: Այսպես ասում են հիմնականում իշխանական եւ մերձիշխանական մարդիկ:
Սա էլ ինքնին նշանակում է՝ խոստովանում են, որ իշխանությունը, ում ներկայացուցիչն ու պաշտպանն են իրենք, ձախողել է Հայաստանը զարգացնելու եւ հզորացնելու գործը, եւ հիմա պատերազմում տարած հաղթանակից 20 տարի անց ունենք մի պետություն, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան քաղաքական զույգի ամենահավատարիմ խոսնակ Զորի Բալայանի խոստովանությամբ, ի վիճակի չէ պաշտպանել Ղարաբաղը, ասել է թե՝ ինքն իրեն:
Սա թերեւս լավագույն ապացույցն է այն մեղադրանքների, որ երկար տարիներ հնչում են Հայաստանի գործող եւ նախորդ իշխանությունների հասցեին՝ նրանք մսխել են Հայաստանի ինքնիշխանությունը, հայաթափել այն, եւ վերածել անհայրենիք օլիգարխիական բդեշխությունների: Եւ ուրեմն, իշխող կլանի խոսնակի բերանով ՀՀ քաղաքացիներին է մատուցվում մի ուղերձ, որ Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի սեփականությունն են եւ ուրիշ ոչինչ: Սա է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների դիտարկումը Գյուլիստանի պայմանագրի ֆոնին եւ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ 1988 թվականի Ղարաբաղյան շարժման իդեալների: Դավաճանությունը, քավ լիցի, Զորի Բալայանի գրածը չէ, այլ այն փաստը, որի արգասիքն է նամակը՝ պետականության մսխումը:
Բայց ինչու՞ է գրվել այս նամակը. սա է հարցերի հարցը: Հասկանալի է, որ իշխող վերնախավը սեփական դավաճանությունը բացահայտելու նպատակ չի հետապնդել, այլ գտնվում է բոլորովին այլ նպատակների տիրույթում: Եւ նպատակը, թերեւս, մեկը չէ: Կարեւորագույններից մեկն, ըստ ամենայնի, Մաքսային միության ետահայաց քարոզչությունն է Հայաստանում եւ Արեւմտյան սփյուռքում: Թերեւս այսպիսով՝ նպատակ կա ստեղծել տպավորություն, որ Ղարաբաղը ձեռքից գնում էր, եւ այդ իրավիճակը կանխելու համար Սերժ Սարգսյանը Եվրոպայի նկատմամբ ուխտադրուժ կերպով հայտարարեց, թե մտնում է Մաքսային միություն:
Փորձը ցույց է տվել, որ քաղաքական լիդերները հաճախ են դիմում այս տրյուկին. երբ ինչ-որ դավադրություն ունեն մտքներին պահած, եւ պիտի մի ճանապարհ բռնեն, որ հնարավոր է, մեծ հակազդեցություն առաջացնի, նրանք հավաստի աղբյուրներից տեղեկություններ են տարածում, որ Ղարաբաղը ձեռքից գնում է, որ էս ֆոնին հանրությանը հրամցնեն ցանկացած անհեթեթություն:
Այսպիսի խուճապի ազդանշան կա Զորի Բալայանի նամակում. «Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլը՝ քայլ ետ: Մտածե՛ք վաղը չէ մյուս օրվա մասին»,- գրում է Զորի Բալայանը Վ. Պուտինին, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի՝ խոսելով Ղարաբաղի հարցի մոտալուտ, բնականաբար՝ ոչ հայանպաստ կարգավորման մասին: «Ասացեք խնդրեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, դե ինչպե՞ս այս ամենից հետո Դուք Մինսկի խմբի Ձեր գործընկերների հետ գեթ մեկ վայրկյան կարող եք մտածել Ղարաբաղը Թուրքիային տալու մասին: Մի՞թե պարզ չէ, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ անմիջապես եւ Ռուսաստանի հետ որոշ ժամանակ անց»,- գրում է Բալայանը նամակի մեկ այլ հատվածում:
Այս ֆոնին, հասկանալիորեն, եղան մեկնաբանություններ, թե ուրեմն ինչ-որ հրեշավոր փաստաթուղթ են պատրաստվում համանախագահները պարտադրել Հայաստանին եւ Ղարաբաղը տալ Ադրբեջանին:
Եթե այսպես է, պարոնայք, բա ի՞նչ եղան Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության ճոռոմ ճառերը' բանակցություններում ունեցած ամենամյա աննախադեպ հաջողությունների մասին: Եթե այսպես է, բա ինչու՞ մտաք Մաքսային միություն: Ասենք՝ Հայաստանը տվեցիք, Ղարաբաղը «փրկեցիք»: Հետո՞ ինչ եք տալու, որ փրկեք, եթե Ռուսաստանը ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ մի տերություն, որ երկու տարին մեկ՝ մտածում է Ղարաբաղը Թուրքիային (Ադրբեջանին) տալու մասին: Էս անգամ ՄՄ-ով ետ պահեցիք նրան էդ մտքից, հաջորդ անգամ ինչո՞վ եք ետ պահելու: Հիշե՛ք՝ բաշխիչ ցանցերը տվել եք, ատոմակայանը տվել եք, «Հայռուսգազարդը» տվել եք, «Գույք պարտքի դիմացը» տվել եք, երկաթուղին տվել եք, ավիաուղին տվել եք, ռուս սահմանապահներն էլ արդեն պոստ են դնում Քաջարանի ու Մեղրիի արանքում: Այսինքն, այլեւս տալու բան չի մնացել, ի՞նչ եք թղթի շերեփն առել աղիողորմ լաց լինում:
Էս փաստարկներն, իհարկե, ճիշտ են: Բայց եթե շեշտը դնենք դրանց վրա՝ կնշանակի ընդունել, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի հարցի լուծում պարտադրել: Այդպե՞ս է արդյոք:
Ղարաբաղի հարցի լուծումը (էական չէ' հայանպաստ կամ ադրբեջանանպաստ կամ որեւէ այլ տարբերակով) Ռուսաստանի համար նշանակում է մի բան' կորցնել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ունեցած թիվ 1 ազդեցության լծակը: Եւ ուրեմն, եթե կա մեկը, որ շահագրգռված է հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոյի պահպանմամբ՝ դա Ռուսաստանն է: Խոսենք հենց մերձիշխանական ուժերի լեզվով' եթե Ղարաբաղով է Ռուսաստանը Հայաստանին ստիպել, որ մտնի Մաքսային միություն, ինչպե՞ս էր համոզելու, եթե չլիներ հակամարտությունը: Գազո՞վ: Իհարկե, ոչ, որովհետեւ Հայաստանը ընդհանուր սահման ունի մի երկրի հետ, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գազի պաշարներով: Եվ կրկին Ղարաբաղի հակամարտությունով է Ռուսաստանը կարողանում Հայաստանին արգելել գազ գնել Իրանից (գինը փաստարկ չէ. լինի քաղաքական կամք եւ որոշում՝ Իրանից շատ ավելի էժան գազ կարելի է գնել): Ղարաբաղով, ուրեմն, Հայաստանին տարան Մաքսային միություն: Ո՞րն է, ըստ այդմ, Ռուսաստանի հաջորդ քայլը:
Իհարկե, դե իհարկե՝ Ադրբեջանին Մաքսային միություն տանելը: Ի՞նչ լծակ ունի դրա համար Ռուսաստանը: Լծակը կրկին նույնն է՝ Ղարաբաղը: Եւ ուրեմն, ինչպես Հայաստանում շատերը հավատում են, որ Ռուսաստանը կբռնի ու Ղարաբաղը կտա Ադրբեջանին, Զորի Բալայանի նամակը նրա համար է, որ Ադրբեջանում էլ շատերը սկսեն հավատալ, որ Ռուսաստանը կբռնի եւ Ղարաբաղին կշնորհի Ադրբեջանից դուրս մի կարգավիճակ: «Ես խորապես համոզված եմ, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում սթափության թելերից հյուսված տրամաբանությունը համառորեն պարտադրում է Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, եւ Մինսկի խմբի Ձեր գործընկերներին, բառիս ուղղակի եւ բուն իմաստով, անել միակ' իրոք իմաստուն քայլը: Վերցնել ու այցելել Ղարաբաղ, այցելել ազատագրված շրջաններ, ձեռքերով դիպչել Ամարաս եզակի տաճարին, որտեղ քսանական թվականներին որպես երեց քահանա էր ծառայում իմ նախապապ Հովհաննեսը, որը ինչպեսեւ իմ հայրը, դարձավ ստալինիզմի զոհ»,- գրում է Բալայանը երկարաշունչ նամակի մի այլ հատվածում:
Իսկ սա արդեն խուճապ է, նույնպիսի խուճապ, որի ֆոնին հնչեց Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Այդ խուճապը, անշուշտ, կհասնի Ադրբեջան: Հայաստանը, սակայն, դրանից ոչ մի օգուտ չի ստանա: Օգուտ կստանա Ռուսաստանը, որը հիմա պիտի փաստարկներ գտնի Ադրբեջանին Մաքսային միություն մտցնելու համար: Հենց այդ փաստարկներն են շարադրված Զորի Բալայանի նամակում. այն տարածքները, որի վրա հիմա գտնվում է Ադրբեջանը, ռուսական են: Ավելի ճիշտ՝ հայկական են, բայց Գյուլիստանի պայմանագրով դարձել են ռուսական, ու մենք՝ հայերս, փաստորեն, դեմ չենք, որ մեր տարածքներին Ռուսաստանը տիրություն անի: Ավելին' Զորի Բալայանի նամակում մենք դա համարում ենք հայ-ռուսական ընդհանուր տարածք:
Եթե այս տեսակետից ենք նայում, դա ոչ թե Զորի Բալայանի բաց նամակն է Վլադիմիր Պուտինին, այլ Ռուսական ֆորպոստի ուղերձն Ադրբեջանին: Էդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է խոսել Ադրբեջանին «Սմերչ» վաճառելով, Ադրբեջանի հետ չի կարող խոսել Բաքվի գրավումը քաղաքական կրեդո ունեցող եւ Բաքվում որպես թշնամի հայի հավաքական կերպար ընկալվող Զորի Բալայանի միջոցով: Պուտինը «Սմերչ» վաճառեց Ադրբեջանին եւ Հայաստանը գրավեց Մաքսային միություն, հիմա գուցե Երեւանում տեղի ունեցող իրադարձություններ է հարուցելու՝ Բաքվին Մաքսային միություն մտցնելու համար:
Զորի Բալայանի նամակը Ադրբեջանին վաճառված ռուսական «Սմերչի» համարժեքն է. ռուսական հայկական «Սմերչ»: Նախիջեւանից ադրբեջանցիները կարող են Երեւանին հարվածներ հասցնել ռուսական «Սմերչով»: Ինչու՞ հայերը Ռուսաստանի հավանությամբ չեն կարող գրավել Բաքուն…
Եթե հայրենասիրական բլոկբաստերի սցենար ենք գրում, հետաքրքիր է, իհարկե: Իսկ եթե աշխարհաքաղաքական շահերին ենք նայում՝ հասկանում ենք իրողություններ: Իրողություններից առաջինը նշեցինք՝ ԼՂ հակամարտության որեւէ լուծում ձեռնտու չէ Ռուսաստանին եւ տարածաշրջանից նրա հեռացման սկիզբն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ ահաբեկող ռազմական գործողությունների, պատերազմի մեկնարկին՝ դա Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ միայն այն պատճառով, որ կարող է խախտել ստատուս քվոն, այլեւ երկարատեւ ռազմական գործողությունների մեկնարկը Ղարաբաղում նշանակում է զենքի անվերահսկելի շրջանառություն տարածաշրջանում, դա էլ իր հերթին նշանակում է անկայունության պայթյուն Հյուսիսային Կովկասում. Դաղստան, Չեչնիա, որտեղ առանց այն էլ վիճակը վիճակ չէ: Կա, իհարկե, կարճատեւ կառավարելի պատերազմի տեսական հնարավորությունը, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում: Բայց այնտեղ պատերազմի ուղղակի մասնակիցները Ռուսաստանն ու Վրաստանն էին, իսկ այստեղ լինելու են Ադրբեջանն ու Հայաստանը: Էստեղ բլիցկրիգի տարբերակ չկա, մանավանդ Իրանի եւ Թուրքիայի քթի տակ:
Այնպես որ, Հայաստանն առնվազն կարճաժամկետ իմաստով սխալ սպառնալիքի տակ է մնացել Մաքսային Միությանը անդամակցելով: Երկարատեւը ուրիշ թեմա է, եւ դրա մասին դեռ կխոսենք:
Հայաստանի իշխող էլիտան Բալայանի նամակով մեկ ուրիշ հարց էլ է փորձում լուծել. Եվրոխաղերից հետո Ռուսաստանին կրկին հավատարմության երդում տալու անհրաժեշտություն կա, եւ Բալայանի նամակն այդ երդումն է: Երկարաշունչ նամակում Հայաստանը ոչ մի անգամ հիշատակված չէ որպես ինքնիշխան պետություն, Ղարաբաղը ոչ մի անգամ հիշատակված չէ որպես ինքնիշխան միավոր: Դրանք ռուսական տարածքներ են, բացառապես ռուսական տարածքներ՝ ինչպես ամրագրված է Գյուլիստանի պայմանագրում:
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարթությանը, Ռուսաստանն, իհարկե, կօգտագործի Զորի Բալայանի նամակի փաստարկներն ու սպառնալիքները Ադրբեջանի հետ հարաբերություններում (ի դեպ, այդ նամակում' մահակի կողքին քաղցրաբլիթ էլ կա. չէ որ ադրբեջանցիներն իմանում են, որ Պուտինը ցանկանում է Ղարաբաղը տալ իրենց. ինչպես տեսանք վերը նամակում մտրակ եւ քաղցրաբլիթ կա նաեւ հայերիս համար): Բայց սրանից ի՞նչ է շահում Հայաստանը: Ոչինչ, բացարձակապես ոչինչ: Իսկ Ադրբեջանն իր հարցերը կլուծի, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, շատ բան ունի տալու Ռուսաստանին: Բաքուն, իհարկե, չի ստանա Ղարաբաղը, բայց մտովի՝ չի էլ կորցնի:
վերջաբան
Բալայանի նամակի թեման սրանով, ըստ էության, սպառվեց: Բայց չեմ կարող հոդվածն այդպես ավարտել՝ ինչպես ասում են փակուղային նոտայի վրա: Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք կրկին գտնվում ենք դարավոր պատմական մի շրջափուլի մեջ, երբ ձեռք ենք բերում պետականություն, ձախողում այն, ապա եւ կորցնում: Հերթական այս ձախողման փուլում ենք. սեպտեմբերի 3-ը դրա խորհրդանիշն է: Բայց ժամանակ դեռ ունենք, ժամանակ ունենք ինչ-որ բան փոխելու: Դա հեշտ չէ, բայց նաեւ անհնար չէ: Դրա համար հարկավոր է իրականացնել որոշակի քայլեր:
Հիմնական խնդիրը՝ Հայաստանի պաշտպանունակության ներքին ռեսուրսի զարգացումն է: Խոսքը նախեւառաջ բանակի մասին է: Բայց պետք է հասկանանք, որ բանակն առաջին հերթին մարդն է, զինվորը, նրա ընտանիքի բարեկեցությունը, իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածությունը, հայրենիքում ապրելու ցանկությունը, եւ ոչ թե տանկը: Տանկը կարեւոր է, իհարկե, բայց ոչինչ է առանց մարդու, այսինքն՝ առանց սպայի, զինվորի: Զինվորը ոչինչ է առանց թիկունքի, թիկունքը ոչինչ է՝ առանց հավաքական կամքի եւ նպատակի: Հայաստանի պաշտպանունակության թիվ 1 պրոբլեմը Ադրբեջանին վաճառվող ռուսական «Սմերչը» չէ, այլ Հայաստանից գլխապատառ փախչող քաղաքացին, ընտանիքներ, որ իրենց հետ տանում են զինվորներին եւ նրանց թիկունքը, հայրենիքը սիրելու եւ հայրենիքով հպարտ լինելու նրանց մոտիվը: Կասեցնել արտագա՞ղթը: Սա անհրաժեշտ պայման է, բայց արդեն ոչինչ չի փոխի, որովհետեւ այնքան ենք գնացել, որ միայն մնացածներին պահելով խնդիր չես լուծի:
Ըստ այդմ՝ Հայաստանի ռազմավարական խնդիրն է՝ հարուցել զանգվածային ներգաղթ, հայերի մեծ հայրենադարձություն, եւ առաջին հերթին՝ Ռուսաստանից դեպի Հայաստան:
Առանց ներքին, ներհայաստանյան քաղաքական, սոցիալական, տնտեսական փոփոխությունների, առանց ժողովրդավարական իշխանության հաստատման, սակայն, նման բան իրականացնել հնարավոր չէ: Եթե մարդիկ հեռանում են, նշանակում է՝ կան պատճառներ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական, որ նրանց թույլ չեն տալիս ապրել Հայաստանում: Ուրեմն պետք է զբաղվել այդ պատճառների վերացմամբ՝ որպես կենսական անհրաժեշտություն: Սա Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության կարեւորագույն երաշխիք է:
Հաջորդ կարեւոր եւ ռազմավարական խնդիրը արտաքին քաղաքականությունն է՝ էներգետիկ, տնտեսական բոլորովին նոր, ռազմավարական հարաբերությունների հաստատում Իրանի հետ: Նոր եւ ավելի խորացված հարաբերությունների հաստատումը Վրաստանի հետ: Գործուն ջանքերի գործադրումը՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված, ինքնիշխան պետությանը վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Հասկանալի է, իհարկե, որ ձեւակերպված խնդիրների լուծումը լրջագույն ջանքեր է պահանջում, դրանց ներքին հակասությունների ու բախումների համաձայնեցում կամ մեղմում: Կարող է աբսուրդ թվալ, բայց խնդիրն այստեղ դրանց իրականանալիության մասին չէ, այլ կամքի, որովհետեւ իրականանալիությունը ուղիղ համեմատական է կամքի հետ, որքան ուժեղ է կամքը, այնքան հավանական է իրականացումը եւ հակառակը: Եւ ուրեմն, ամեն ինչ պետք է սկսել նոր կամքի, կամքի կենտրոնի ձեւավորումից:
Պետություն ունենալը ամենադժվար առաքելությունն է, որ կարող է բաժին հասնել ժողովուրդներին: Եթե էդ առաքելությունն իրականացնելու կամք չունենք, պիտի ստորագրենք, ուրեմն, Զորի Բալայանի նամակի տակ: Զորի Բալայանի նամակը պետություն ունենալու կամքի բացակայության խոստովանագիր է:
Նիկոլ Փաշինյան, «ՀԺ»
«Քաղաքացիական պայմանագիր»