Դերասան Վարդան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի պաշտպանում Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին՝ կաթողիկոսին անձնական վիրավորանք հասցնելու համար, սակայն կարծում է, որ ժողովրդական արտիստը իր միտքն ազատ արտահայտելու իրավունք ունի և ցանկացած հետապնդում լավ բան չէ, քանի որ հենց դրանից է սկսվում ինկվիզիցիան:

 

«Ես այդ մասին մեկնաբանություններ չեմ ուզում անել, դեռևս չգիտեմ էլ, թե այդ ինչ աժիոտաժ է սկսվել, բայց ես կողմ չեմ հետապնդումներին՝ ցանկացած տեսակի: Այսօր դրա համար կհետապնդեն, վաղը՝ մի սովորական բանի, մյուս օրը՝ ոչ մի բանի համար, ուղղակի կհետապնդեն: Մարդը իր կարծիքը հայտնեց, կարող է չեք կիսում, դուք էլ ձեր կարծիքը հայտնեք»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Գալլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլայ Ծատուրյանը քննադատել է աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին՝ կաթողիկոսին համարելով սատանա: Ըստ համացանցում տարածված լուրերի՝ այս հանգամանքը զայրացրել է Գարեգին Բ կաթողիկոսին, և նա որոշել է Հասմիկ Պողոսյանի միջոցով պատժել ռեժիսորին։ «Հայկական ժամանակ» օրաթերթին Նիկոլայ Ծատուրյանը հայտնել էր, որ մշակույթի նախարարը իր մոտ է հրավիրել, սակայն երբ գնացել է այդ հանդիպմանը, նախարարը հրաժարվել է ընդունել։

 

Վարդան Պետրոսյանին ուղղված մեր հարցին, թե արդյոք այսօր հայ մտավորականները կարողանում են ազատ իրենց կարծիքը հայտնել, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Նիկոլայ Ծատուրյանը իր խոսքը ազատ արտահայտել է, հիմա թե ինչպիսի խնդիր կլինի ժամանակը ցույց կտա»:

 

Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, իր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ արտահայտելու համար մի սկզբունք ունի. սրճարանի խոսակցությունը բեմ չբարձրացնել:

 

«Ես բեմի վրա եմ ավելի քան 25 տարի: Ես եղել եմ միշտ շատ խիստ քննադատող, բայց իմ քննադատություններում ունեցել եմ մի օրենք՝ այն, ինչ ես կարող եմ ասել իմ ընկերներին սրճարանում, ինչ մենք կարող ենք կիսվել իրար հետ հարբած ժամանակ, դա երբեք չբարձրացնել բեմ, հեռուստատեսություն, չհանրայնացնել: Իմ գրախոսությունը դա ինձ թույլ չի տալիս այն բանից հետո, երբ իմ խոսքը դարձավ կշիռ ունեցող: Ես շատ լավ գիտեմ, որ ինձ նայում են ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր մարդիկ, ու ես ինձ հաշիվ եմ տալիս, թե իմ խոսքը ինչ է բերելու մարդկանց: Եթե ես անպատիվ խոսք ասեցի մեկի հասցեին, ի՞նչ եմ շահելու դրանից կամ ի՞նչ է շահելու այն մարդը, որը նստելու է ու ինձ է նայելու, որը ենթադրենք հացի փող չունի: Ինչ-որ մի բանով օգնեցի՞ նրան, մխիթարեցի՞, թեթևացրի՞ նրա կյանքը, կամ ում հասցեին, որ այդ խոսքը ասեցի նրա կյանքը թեթևացրի՞, օգնեցի՞: Եթե իմանամ օգնում եմ, վստահաբար կասեմ»,-ասաց նա:

 

Վարդան Պետրոսյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն արվեստի ներկայացուցիչներին, այլ նաև քաղաքական գործիչներին: Այնուհետև նա անդրադարձավ շաբաթներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղած հարցին՝ խաղատներում գումար տանուլ տալու մասին:

 

«Ես հարց էի տալիս ինձ, ընդամենը մի հատ հարց՝ ինչի՞ն ծառայեց նրա խոսքը: Եթե ես իմանամ ժողովրդի համար կարևոր մի մեծ քաղաքական նպատակի ծառայեց նրա հարցը, առաջինը կծափահարեմ: Գոնե մի նպատակ լիներ: Ընդամենը մի քանի վիրավորված սիրտ ասացին՝ «ո՝ւխ, ցավդ տանեմ»: Ու մոռացան արդեն բոլորը այդ պատմությունը»,- ասաց նա և ընդգծեց, որ անձնական վիրավորանքներն, ի վերջո, ոչինչ չեն տալիս ու չեն փոխում: