««Կեղտոտ շուն, դու ով էս, որ ապրում ես իմ երկրի մեջ ու արհամարհում ես իմ երկրին ու իմ ժողովրդին» ,-ասել էր տուժողը: Իրանցին հարձակվել էր նրա վրա, եւ բռնության ենթարկել հայ կնոջը, ասելով.«թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պետք է ընդհանրապես ձեր քոքը կտրեին»: Իսկ դատարանում իրանցին հայտնել է, որ չի հարվածել տուժողին եւ հայ ժողովրդի հասցեին էլ վիրավորական արտահայտություններ չի արել: Տուժողն իր վնասից բացի պահանջում է որպես բարոյական վնաս' հասցված իրեն, իր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը` 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- գրում է aravot.am-ը:
Ազգությամբ քուրդ, Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահը պատժվել էր նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքով: Տուժող , Հայաստանի քաղաքացի Ժաննա Զաքարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը մերժել էր:
Դատավճիռը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում, ուր դեռ դատական նիստ չի հրավիրվել: Քուրդ-իրանցին պահանջում է արդարացնել իրեն: Ըստ գործի նյութերի, 2012 թվականի հուլիսի 31-ին Երևանի Հանրապետության հրապարակում Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահը վիճաբանել է Ժաննա Զաքարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան:
Նա կծել էր Ժաննա Զաքարյանի ձեռքը: Տուժողը ստացել էր թեթև վնաս` աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձևերով:
Ամբաստանյալ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին առաջին ատյանի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել :Նա հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած հյուրերին դիմավորելու նպատակով նշված օրը ժամը 24:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել է Հանրապետության հրապարակում: Երբ գնացել է Հանրապետության հրապարակ, տեսել է, որ Ժաննան, Գուրգենը և Կարենը զրուցում են իր հյուրերի հետ:
Ամբաստանյալն ասել է, որ մոտեցել է իր հյուրերին, ասել է, որպեսզի նստեն տաքսի ավտոմեքենան: Այդ ժամանակ էլ տուժողը` Ժաննա Զաքարյանը Ղոլամ հասանին դիմելով, ասել է .«Ինքն ո՞վ է և ի՞նչ իրավունքով է այդտեղ բրոքերություն անում»: Նա պատասխանել է, որ այդ անձինք իր հյուրերն են: Ըստ գործով հետազոտված ապացույցների. «Դրանից հետո Ժաննան սկսել է աղմկել և ասել է, որ չի թողնի, որպեսզի ինքն այդտեղ աշխատի: Այդ ժամանակ ինքն իր հյուրերին նստեցրել է տաքսի ավտոմեքենա, որպեսզի հեռանան այդտեղից, սակայն Ժաննան մոտեցել է ու բռնել մեքենայի դռնից:
Այդ ժամանակ ինքը Կարենի ձեռքին դանակ է նկատել, որի պատճառով փորձել է փախչել, սակայն Ժաննան կանգնեցրել է տաքսի ավտոմեքենան, ձեռքով կախվել դռնից, իսկ մյուս ձեռքով ճանկռել է իր դեմքը: Ինքը ստիպված կծել է նրա ձեռքը, որպեսզի ազատվի նրանից: Դրանից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները և իրենց տարել ոստիկանություն»:
Ամբաստանյալն ասել է, թե ինքը Ժաննային չի հարվածել, ինչպես նաև հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններ չի արել: Իսկ տուժող Ժաննա Զաքարյանը դատական քննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ զբաղվում է զբոսաշրջիկներին վարձակալությամբ բնակարաններ տրամադրելով, այդ պատճառով էլ շատ հաճախ լինում է Հանրապետության հրապարակում: Դեպքի օրը, ըստ տուժողի, ինքը եղել է Հանրապետության հրապարակում և սպասել է իր հյուրերին:
Այդ ժամանակ Աբոլֆազլ Դոլաթխահին շատ կոպիտ արտահայտություններ է արել իր և իր հետ կանգնած երկու հայ տղաների' Կարենի և Գուրգենի հասցեին, ասելով. «դավայ եղեք ստեղից»: Ըստ տուժողի,ինքն ապշել է, որովհետև ոչ մի առնչություն չի ունեցել և չի ճանաչել նրան: Ժ. Զաքարյանն վիրավորվել է եւ ասել. «Չհասկացա, դու պետք է ինձ արգելես կամ հրամայես, թե որտեղ կանգնեմ կամ չկանգնեմ»:
Իրանցի-քուրդը հայհոյանքներ է տվել, ասելով. «թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պետք է ընդհանրապես ձեր քոքը կտրեին»: «Երբ լսեցի ցնցումների մեջ ընկա, որովհետև ես Արցախյան պատերազմի ազատամարտիկ եմ, չդիմացա, ու ասացի' կեղտոտ շուն, դու ով էս, որ ապրում ես իմ երկրի մեջ ու արհամարհում ես իմ երկրին ու իմ ժողովրդին»: Իրանցին հարձակվում է Ժաննայի վրա, վիճաբանությանը միջամտում են նրա կողքը կանգնած տղաները: Իրանցին հարվածներին զուգահեռ կծում է տիկնոջ երկու ձեռքերը, որից «վարակ է անցել»: Վկաներն ասել են, որ ժաննայի ձեռքից արյուն էր գալիս:
Ըստ տուժողի, իրանցու ագրեսիվությունը մեր ժողովրդի և հայրենիքի դեմ էր ուղղված եղել: Տուժողը դեպքից հետո դիմել է հոգեբանի եւ բուժվել նրա մոտ, ում վճարել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ի դեպ, ամբաստանյալին ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի 2008 թվականի հունիսի 10-ի որոշմամբ շնորհվել է ճարտարագիտության բակալավրի աստիճան' «Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների)» մասնագիտությամբ: 2010 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահիին շնորհվել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան' «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային չորրորդ հուշամրցաշարի դիպլոմի պատճենի համաձայն' Աբոլֆազլ Դոլաթխահին պարգևատրվել է որպես չեմպիոնի մարզիչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ