Այսօր Ազգային ժողովի նիստին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պատճառով խորհրդարանում  «խառնաշփոթ էր»: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել է, թե ինչու իր հետ չի հանդիպել ու տեղեկություն տրամադրել Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ:

 

«Երևի հարմար չի եղել կամ նպատակահարմար չի եղել տրամադրել տեղեկություն»,-ենթադրել է Փոստանջյանը և ասել, որ ԱԺ-ը պետք է խստագույնս դատապարտի ռուս սահմանապահների արարքը:

 

Աբրահամյանն արձագանքել է, թե Փոստանջյանը բուռն զբաղված է եղել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններով, ապա մեկնել Ստրասբուրգ: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական զորքերի հրամանատարության և Փոստանջյանի ներկայացրածները միմյանց չեն համապատասխանում, պատգամավորը չի հայտնել, որ խուզարկման ժամանակ ոստիկանությունը ևս ներկա է եղել:

 

Փոստանջյանին այս պատասխանը դուր չի եկել. «Ամեն հարցի դեպքում ասում եք, որ ձեր իրավասությունների սահմաններում չէ: Միգուցե Ազգային ժողովը լուծարե՞ք»: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փոստանջյանին խնդրել է թեմայից դուրս հայտարարություններ չանել, սակայն Փոստանջյանը շարունակել է, իսկ Շարմազանովը պահանջել է  անջատել պատգամավորի խոսափողը: