«Նախկին բորտուղեկցորդ Արսեն Սարիբեկյանը «Արմավիա» ավիաընկերության այն 23 նախկին աշխատակիցներից է, որոնք այսօր դատարանի միջոցով փորձում են նախկին ավիաընկերությունից ստանալ իրենց պարտք մնացած գումարները»,-այս մասին գրում է azatutyun.am-ը և հավելում. «Ինձ մնում է, որ վճարեն մարտ ամսվա աշխատավարձ և վերջնահաշվարկ ըստ իրենց հաշվարկների, բայց այնտեղ կան շատ խախտումներ հաշվարկների մեջ, որին մենք դեռ կանդրադառնանք դատական հայցով», - նշեց նա, - «Մենք դիմել ենք դատարան մեր օրապահիկները ստանալու համար, որը մոտավորապես կազմում է ամեն անձին 500 հազար դրամի կարգի, որը որը չի տրվել 2010 թվականից ի վեր»:

 

Ըստ Արսեն Սարիբեկյանի, օրապահիկների հարցով դատական երկու նիստ է եղել: Առաջին նիստին «Արմավիան» չի ներկայացել, իսկ երկրորդ նիստին գրություն է ուղարկել դատարան, խնդրանքով, որ դատը հետաձգեն, քանի որ ընկերության կենտրոնական գրասենյակը «Զվարթնոցից» տեղափոխվել է Սախարովի անվան հրապարակ և խնդրո առարկա փաստաթղթերը կորել են:

 

2003 թվականի ապրիլի 15-ից «Հայկական ավիաուղներ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը, սնանկ ճանաչվել ու լուծարվեց: Այդ ժամանակ «Հայկական ավիաուղիներին» փոխարինեց «Արմավիա» ավիաընկերությունը, որի հետ Հայաստանի կառավարությունը 10 տարվա պայմանագիր կնքեց: Այս տարի գարնանը «Արմավիան» հայտարարեց, որ դադարեցնում է թռիչքները: Պարզվեց, որ անցած մի քանի տարիների ընթացքում ընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել:

 

Չնայած հսկայական պարտքերին, այս պահին հստակ չէ, պատրաստվո՞ւմ է «Արմավիան» դիմել սնանկացման հարցով դատարան, թե՞ ոչ:Լրագրողի հարցին ի պատասխան ընկերությունից ասել են, որ այս պահին զբաղված են աշխատավարձերի պարտքը մարելով: «Որոշ տվյալներով «Արմավիայի» աշխատավարձերի պարտքը կազմում է 100 միլիոն դրամ, իսկ Հայաստանի պետբյուջեին ավիաընկերության պարտքը ամիսներ առաջ կազմում էր 24.3 միլիարդ դրամ»,- գրում է կայքը: