Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր:
Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը: Ավտովթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև դերասան Վարդան Պետրոսյանը:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ' պատժվում է ազատազրկմամբ' չորսից տասը տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով):
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ հարուցված քրեական գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան. «Նշանակվել է փորձաքննություն: Երբ գա փորձաքննության եզրակացությունը, պարզ կլինի»:
Արմեն Մալխասյանն ասել է նաև, որ դեպքի հանգամանքների հետ կապված մանրամասներ կարող են հայտնել միայն այն ժամանակ, երբ կստացվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և հավելել, որ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ, կան զոհեր:
«Երբ որ կլինի փորձաքննության եզրակացությունը, այդ ժամանակ արդեն որոշակի բան կունենանք ասելու»,- ասել է Արմեն Մալխասյանը: