Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստ): Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:
21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն և նույն մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:
Ս. Մխիթարյանը փախուստի էր դիմել իր դեմ գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ Վարդան Գրիգորյանի, անցկացված այսօրվա դատական նիստից:
«Փաստինֆո»