«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն IPEN /կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանցի/ հետ համատեղ Հայաստանում իրականացրել է «Կապարի պարունակությունը էմալային ներկերում» ծրագիրը: Հայաստանում գնված և քիմիական անալիզի ենթարկված 8 ապրանքանիշներից 26 նմուշների (տարբեր գույների) ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դրանցից 77%-ում (20 նմուշ) կապարի կոնցենտրացիան կազմում է 1000 ppm (մաս միլիոնի մեջ): Բանն այն է, որ Հայաստանում վաճառվող ներկերում կապարի և այլ ծանր մետաղների պարունակության առողջապահական նորմերը սահմանված չեն, բայց մոտավոր պատկերացում կազմելու համար կարող ենք համեմատել ամերիկյան ստանդարտների հետ (99 ppm): Հայաստանում վաճառվող ներկերում կապարի պարունակությունը տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գործող ստանդարտներին:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում այդ ուսումնասիրությամբ զբաղված Ամալիա Համբարձումյանն ասաց.
«Ներկերի մեջ կապարն օգտագործվում է գույնը կայունացնելու և ավելի գունեղ երանգ ստանալու համար: Դրանք հիմնականում դեղին, կարմիր, կանաչ գույնի ներկերն են, որոնց մեջ չափազանց մեծ է կապարի պարունակությունը: Այս ներկերն օգտագործվում են բնակարանների վերանորոգման ժամանակ , ինչպես նաև մանկական խաղալիքների և գունավորման համար և այլուր:
Ներկրողներին ինչ-ինչ պահանջներ չենք կարող ներկայացնել, որովհետև չունենք ստանդարտներ. ով ինչպես ուզում, ներկերը ներկրում է»:

 

Փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետ նույնպես զրուցեցինք այս հարցի շուրջ, ով մեզ հետ զրույցում նշեց.

 

«Կապարն ունի բազմաբնույթ ազդեցություն: Առաջ է բերում նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարումներ, մարսողական տրակտում՝ լնդերի վրա կապույտ երիզ է առաջանում, որովայնում սուր ցավեր են սկսվում, անեմիայի պատճառ է, ազդում է վերարտադրողական ֆունկցիայի վրա, կարող է պատճառ դառնալ չբերության, վիժումների, մեռելածնության: Երեխաները կարող են ծնվել բնածին արատներով, քանի որ այն ազդում է գենետիկ ֆոնդի վրա»:

 

Երեխաների մտավոր հաշմանդամության տարեկան ավելի քան 600 000 նոր դեպքերի դրդապատճառներից մեկը կապարի բացասական ազդեցությունն է: Այն հանգեցնում է տարեկան 143 000 մահվան դեպքերի:

 

Թե ինչու դաշտը կանոնակարգելու համար հստակ նորմեր սահմանված չեն, այն դուրս է մղված պատկան մարմինների ուշադրությունից, և թե ինչու է ստեղծվել այս բարձիթողի վիճակը' ով ինչպես կցանկանա, Հայաստան ներկերի ներմուծությամբ կզբաղվի, դժվար չէ ենթադրել: Միայն թե բիզնեսով զբաղվելիս ևս պետք է մի փոքր հայրենասիրություն և մարդասիրություն ունենալ, և միայն բիզնես նպատակներ չհետապնդել:

 

 

Ն.Ա.