Շուրջ 8 ամիս Արարատի մարզի Նոյակերտ համայնքում տանը միայնակ իրենց գոյությունն են պահպանում 5 անչափահաս երեխաները` 3 -ամյա Նարեկը, 4-ամյա Սուսիկը, 8-ամյա Գարիկը, 10-ամյա Գոհարը: Նրանց մասին հոգ է տանում իրենց 15-ամյա քույրը` Պայծառը: Երեխաների մայրական տատիկի` Օֆիկ Մանուկյանի ներկայացմամբ երեխաների «մայրը»` Լիանա Մանուկյանը, 2013թ. մարտ-ապրիլ ամիսներից, երեխաներին ասելով, թե «գնում եմ կով կթելու», իր հետ վերցրել է 8 ամսական նորածնին ու 12-ամյա Գոռին, լքել է անչափահաս երեխաներին ու մեկնել գյուղից' հայ փոստի աշխատակցին արգելելով նպաստի գումարն այլ անձի տալ: Օֆիկ Մանուկյանը հնարավորություն չունի երեխաներին խնամելու, քանի որ անձամբ խնամքի կարիք է զգում:
Վերջինիս խոսքով կարողանում է օրեկան ընդամենը մեկ հացով կերակրել երեխաներին: Իսկ այս 8-9 ամիսների ընթացքում երեխաները պատկան մարմիններից ոչ մի ուշադրության չեն արժանացել` չնայած բոլորն էլ տեղյակ են եղել դեպքի մասին: Միայն դպրոցից է մեկ անգամ ահազանգ անչափահասների տեսուչ ոստիկանության լեյտենանտ Սահակ Սահակյանին երեխաների դպրոց չհաճախելու մասին: Նշենք, որ երեխաների 16-ամյա քույր Հրաչուհի Մանուկյանը 2011 թ-ին մահացել էր հոսանքահարումից, որը կրկին անուշադրության հետևանք էր: Հարևանուհի Լորետայի ներկայացմամբ երեխաները ինչքան էլ քաղցած լինեն, երբեք հաց չեն մուրում, սակայն իր տված ուտելիքից չեն հրաժարվում:
Երեխաների կենսաբանական հայրը` Արմեն Հորդաքյանը, համագյուղացիների պնդմամբ հարբեցող է և երեխաների խնամքով չի զբաղվում: Այնինչ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մանվել Սարգսյանը նշեց, որ բազմիցս դրամական օգնություն են հատկացրել Լիանա Մանուկյանին, սակայն գումարները ծախսվել են ոչ երեխաների կենսական կարիքները բավարարելու նպատակով:
Նկարահանում կատարելու ժամանակ գյուղ եկավ անչափահասների տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սահակ Սահակյանը: Նա հավաստիացրեց, որ հնարավորության սահմաններում երեխաներին կապահովեն օթևանով ու խնամակալով: