Եվրախորհրդարանի պատգամավոր Պինո Արլակկիի անունը շատ արագ հայտնի դարձավ Հայաստանի' ինչպես նաև Իտալիայի քաղաքացիների շրջանում: Սակայն նման ճանաչումը դժվար թե կարող է հաճելի' առավել ևս օգտակար լինել որևէ քաղաքական գործչի համար: Հակառակը' դա խարան է, որից այլևս անհնար է ձերբազատել. Պինո Արլակկի անունը այսուհետև կասոցացվի «վարձու, սուտ խոսացող գործիչ» հասկացության հետ: Եվ ոչ միայն Իտալիայում և Հայաստանում, այլև ողջ եվրոպական մայրցամաքում:
Այս ամենը հիանալի գիտակցում է նաև ինքը' Արլակկին, որը համարձակվել էր վարձատրության դիմաց Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին բարձր գնահատական տալ: Համենայն դեպս, դրա մասին են վկայում այն անփույթ հայտարարությունները, որոնց միջոցով ԵԽ պատգամավորը փորձում է արդարանալ իր գործընկերների և եվրոպական լրատվական ընկերակցության աչքի առջև: Բայց ամեն ինչ հերթով...
Ինչպես հայտնի է, սույն թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Իլհամ Ալիևը «ստացել է» քվեների մոտ 85%-ը և երրորդ անգամ անընդմեջ ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Հիշատակված ընտրական գործընթացը, իհարկե, շատ հեռու էր ժողովրդավար կոչվելուց: Ալիևի վարչակազմի կողմից ընդդիմադիրների հետապնդումները, ձերբակալություններն ու անգամ ծեծուջարդը պարզապես ապշեցրել էին միջազգային հանրությանը: Ընտրությունների օրն ու դրանց նախորդող ժամանակահատվածում եվրոպական մամուլը պարզապես հեղեղվել էր քննադատական նյութերով: Իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգներով լի զեկույցները հաջորդում էին մեկը մյուսին: Ընտրական ողջ գործընթացում արձանագրված խախտումներն այնքան շատ էին, որ մի շարք կազմակերպություններ անգամ հրաժարվեցին դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում' նախօրոք նշելով, որ այնտեղ ժողովրդավար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Եվ ահա այս իրավիճակում Բաքու է ժամանում Պինո Արլակկիի գլխավորած Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը, որն ընտրություններից հետո հայտարարում է, թե Բաքվի ռեժիմը «ազատ, արդար և թափանցիկ» է: Բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չունեցող նման հայտարարությունը, պետք է որ հարցեր առաջացներ ոչ միայն Եվրախորհրդարանում, այլև ցանկացած ժողովրդավար հասարակությունում: Եվ այդ հարցերն, իսկապես, առաջացան: Ավելին' դրանց պատասխանները նույնպես գտնվեցին...
Նախօրեին իտալական հայտնի Panorama.it լրատվականը Արլակկիի գործունեությունը քննադատող ծավալուն հոդված է հրապարակել (հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ): Անդրադառնալով այն փաստին, որ վերջինիս զեկույցը հարուցել է Եվրապառլամենտի մի շարք անդամների զայրույթն, ու դրան հետևած զարգացումներին, հոդվածագիրը հարցնում է՝ «ինչո՞ւ է Արլակկին ժողովրդավարություն տեսել այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չկա»: Պատասխանը գտնելու համար հեղինակն առաջարկել է ծանոթանալ Արլակկիի գործունեությանը՝ սկսած ՄԱԿ-ում ունեցած պաշտոնավարումից մինչև Եվրախորհրդարան: Պարզվում է՝ իտալացին մինչև 2001 թվականը ղեկավարել է ՄԱԿ թմրանյութերի դեմ պայքարի գործակալությունը, հեռացվել է այդ պաշտոնից, քանի որ իր հայրենակիցների Մաուրիսիո Տուրկոն ու Դանիելե Կապեցոնեն նրան մեղադրել են Աֆղանստանում հաստատված թալիբանյան վարչակարգը լեգիտիմացնելու մեջ:
Եվրախրհրդարանականի գործունեության մասին հիշատակված հոդվածում այլ հետաքրքիր փատեր էլ կան: Բայց այսքանն էլ բավարար էր, որպեսզի Panorama.it-ի լսարանը, ինչպես նաև Եվրախորդարանի անդամները համոզվեին, որ Պինո Արլակկին առաջնորդվում է ոչ թե ճշմարտության, արդարության և ժողովրդավարության սկզբունքներով, այլ բացառապես սեփական շահով: Իհարկե' վճարված շահով:
Իտալական վերոնշյալ պարբերականում հրապարակված նյութը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ: Այստեղ ներկայացված փաստերի մեծամասնությունը շատ արագ տարածվեցին եվրոպական և հայկական լրատվամիջոցներում' մեծ խաչ քաշելով Արլակկիի թե' հեղինակության և թե հետագա քաղաքական կարիերայի վրա: Տեղեկատվական այս հզոր հոսքը շատ նման էր գերբնական արդարադատության պատժի, որը պարզապես ոչնչացրեց Պինո Արլակկի քաղաքական գործչին' նրա անունը վերածելով ստի և կեղծիքի համարժեք հասկացության:
Եվ իզուր են հիմա նրա արդարացման, Panorama.it-ին մեղադրանքներ ներկայացնելու փորձերը: Վերոնշյալ պարբերականում հրապարակված Արլակկիի պատասխանն այլևս ոչ այլ ինչ է, քան խեղդվողի' փրփուրներից կախվելու անհաջող փորձ: Տեսարանը, իսկապես, շատ ողորմելի է…
Շարունակությունն` այստեղ: