Անկախ նրանից, թե Վրաստան արտահանված հայկական կարտոֆիլը իրականում կարանտին վնասատուներ պարունակում է, թե ոչ, սա վատ է Հայաստանի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոոյանը: Դիտարկելով երկու տարբերակներն էլ՝ նա նշեց, որ Հայաստանը և Վրաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, և որևէ երկիր իրավունք չունի կամայականորեն մյուսին արգելել ապրանք ներմուծել:

 

«Գոյություն ունեն միջազգային կառույցներ, որոնք կարգավորում են նման հարցերը, որպեսզի պետությունները չկարողանան նման կայամականություններ անել: Բայց ինչպես է լինում, որ Վրաստանն արդեն որերորդ անգամ կարողանում է մեր նկատմամբ կամայականություններ կիրառել: Եթե վրաստանը նման բան է թույլ տալիս իրեն, ինչու՞ մինչ օրս չենք բողքարկել որևէ տեղ, կամ՝ եթե բողոքարկել ենք, ի՞նչ արդյունք ունենք»,-ասաց Բաբկեն Պիպոյանը և ավելացրեց, որ Հայաստանը պետք է պարզի Վրաստանի սահմանից մի քանի անգամ հետ ուղարկված կարտոֆիլի խնդիրը:

 

Նշենք, որ ինչպես 2012թ-ի վերջին, 2013թ-ի գարնանը, այնպես էլ՝ վերջերս՝ հոկտեմբերին, Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը վրացական կողմըետ է ուղարկել՝ լաբորատոր ստուգումներից հետո հայտարարելով, որ այն այնպիսի վնասակար միկրոօրգանիզմներով, ինչպիսիք են՝ փտախտը, կարտոֆիլային քաղցքեղ:

 

Բաբկեն Պիպոյանը ընդգծեց, որ իրականությունը իմանալու համար անհրաժեշտ է կատարել լաբորատոր ստուգումներ:
«Միգուցե պարզվի, որ պետք է շնորհակալություն հայտնենք, որ Վրաստանն այդ խմբաքանակը չի թողել իր երկիր: Եթե նման բան կա, ի վերջո՝ պետք է փորձել պայքարել այդ հիվանդությունների դեմ, որպեսզի մեր գյուղացին չտուժի»,-ասաց նա:

 

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հարցի ցանկացած տարբերակի պարագայում մեղքը Սննդի անվտանգության պետական տեսչությանն է:

 

«Եթե պարզվի, որ այդ վնաստուները չկան, ապա՝ թույլ է տալիս, որ Վրաստանը մեր նկատմամբ նման քաղաքականություն վարի, եթե կան, նշանակում է՝ չի պայքարում դրանց վերացման դեմ: Ի վերջո՝ արտահանելու սերտիֆկատ է տրվել»,-ասաց նա:
ՀԿ-ի նախագահը նշեց, որ նման հիվանդության դեմ անհրաժեշտ է պայքարել, քանի որ դրանից տուժում է բերքն ու հողը: