Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Նվեր Բալոյանի գործի դատավարությունը: Գյումրիի 28-ամյա բնակիչ Նվեր Բալոյանը մեղադրվում է 2011 թվականին կատարած բռնաբարության համար: Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին նա իր 18 համարի «Գազել» միկրոավտոբուսում աղջիկ է բռնաբարել: Նա վարորդի նստատեղից տեղափոխվել է մեքենայի սրահ և մեքենայում գտնվող աղջկա կամքին հակառակ նրա նկատմամբ բռնություն գործադրելով ապտակներ է հասցրել, բռնի կերպով մերկացրել և բռնաբարել է նրան:

 

Գազելի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ էր հրավիրված, որի ժամանակ հարցաքննվել են վկաները, սակայն դատական նիստը դռնփակ էր, եւ դատական նիստից ու գործից ԳԱԼԱ-ին մանրամասներ հաղորդեց տուժածի փաստաբանը՝ Ռազմիկ Շիրոյանը:

 

Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 18 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում, սակայն Շիրակ գյուղի հանդերում: «Մեր այն դիտարկմանը, թե ինչ գործ ունի ներքաղաքային տրանսպորտը Շիրակ գյուղի մոտակայքում՝ մեջն էլ ուղեւորը, փաստաբանը պատասխանեց. «Այնպես չէ, որ տղան ու աղջիկը լրիվ անծանոթ են եղել, նրանք իրար իմացել են, այդ օրն էլ, երբ «Գազելի» մեջ աղջիկն է եղել, տղան ասել է՝ մտնեմ ընկերոջս տուն, նոր քեզ հասցնեմ տուն:

 

Մտել է այնտեղ, մի քանի բաժակ էլ խմել է, հետո ճանապարհը թեքել է դեպի Շիրակ գյուղ եւ մարդկանցից հեռու մի վայրում էլ բռնաբարել է 23-ամյա Ս. Ա-ին: Աղջիկը, իհարկե, դիմադրել է, բղավել, օգնություն է կանչել, բայց ապարդյուն... Դրանից հետո տուն է գնացել եւ պատմել է տանը, քանի որ ինքը արնահոսել է, վատ է զգացել, խնդիրներ է ունեցել: Տարել են հիվանդանոց, ավելի շուտ Գյումրու ծննդատուն եւ օգնություն են ցուցաբերել:

 

Բայց տղան խոստացել է, որ կամուսնանա, նա էլ չի բողոքել, հետո էլ թե՝ խոպան գնամ-գամ, փող ունենամ, նոր ամուսնանամ, եւ էլի չի ամուսնացել... բանից պարզվում է նաեւ, որ այս աղջկան ուզողներ են եկել, եւ նա «ոտք է զարկել», տեղեկություններ է տարածել աղջկա մասին, Ս. Ա-ն էլ որոշել է բողոքել»,- գրում է ԳԱԼԱ-ն՝ հղում կատարելով տուժողի փաստաբան Ռ. Շիրոյանին:

 

Փաստաբանը ասում է, որ «Գազելի» վարորդը չի ընդունում մեղադրանքը. «Ատկազ է գալիս, որ 23-ամյա աղջիկ է բռնաբարել, այսօր դատարանում բոլոր վկաներին հարցաքննեցին, մնաց մեկին՝ օգնություն ցույց տվող քույրին, դատական նիստը հետաձգվեց: Եթե ապացուցվի եղելությունը, նրան ազատազրկում է հասնում՝ 3-7 տարի»: