Թալինի կանայք Մուշ, Կարս, Կարին (Էրզրում), Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան և Արևմտյան Հայաստանի այլ նահանգների ու քաղաքների անուններով տիկնիկներ են ստեղծում: Նրանց գործած տիկնիկները կրում են տվյալ տարածքի ավանդական հայկական տարազը: Սա մի միջոց է փրկելու մեր պատմությունն ու այդ մասին տեղեկացնելու ու նաև կրթելու ապագա սերունդներին:

 

 Սա Թալինում բնակվող կանանց աշխատանքով ապահովելու միջոց է: Նախատեսվում է նաև գործից ստացված որոշ գումար հատկացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնց համար ցանկանում են ֆիզիոթերապիայի կենտրոն բացել:

 

168.am-ի հետ զրույցում ասել է«Թալինի կանանց ռեսուրս» կենտրոն զարգացման հիմնադրամի տնօրեն Գայանե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ հենց այս կենտրոնն էլ 2012 թվականին նախաձեռնել է «Թալինի տիկնիկներ» (Talin Dolls) կոչվող նախագիծը:

 

Talin women

 

Գ. Խաչատրյանը պատմել է, որ գաղափարը կյանքի կոչելու հարցում իրենց մեծապես օգնել է Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը՝ տրամադրելով տիկնիկ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու շյուղերը:

 

Նախ՝ կանանց տիկնիկ գործել սովորեցրինք, որը տևեց մոտ 6 ամիս, այդ ժամանակ ոչ բոլորն էին պատրաստ այդ «փորձությանը», որովհետև շատերը պարզապես հրաժարվում էին ընթացքում, քանի որ այն լուրջ աշխատանք և ջանքեր է պահանջում, իսկ արդյունքը տեսնելուն պես` փոխում էին իրենց միտքը»,- ասել է Գ. Խաչատրյանն ու հավելել, որ իրենց առաջին արտադրանքը վաճառել են արդեն 2012 թվականի մարտին, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ վաճառել են նման մոտ 500 տիկնիկ` աշխարհի ավելի քան 7 երկրներում: 

 

 

Talin women and thir dolls

Talin Dolls

 

 

«Օրինակ, վերջերս մենք մասնակցեցինք հայաստանյան «Startup Cup» բիզնես մոդելների մրցույթին, որտեղ պրոֆեսիոնալների աջակցությամբ արժեքավոր խորհուրդներ ստացանք, որոնք արդեն սկսում ենք կիրառել: Մենք մեր բոլորը ջանքերն այժմ ուղղում ենք, որպեսզի ավելի շատ մարդիկ ճանաչեն մեզ, և ավելի մեծ շուկա դուրս գանք»,- ասել է Գ. Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ 2015 թվականին՝ Մեծ եղեռնի 100-ամյակին, մարդիկ ավելի շատ կցանկանան ունենալ իրենց նախնիներին հիշեցնող որևէ մշակութային արժեք:

 

Թալինից բացի, նաև մոտակա որոշ գյուղերում կան տիկնիկներ գործող կանայք, իսկ եթե պատվերները շատանան, իրենք պատրաստ են նրանց ներգրավել այս գործում: Բոլոր տիկնիկներն ունեն մոտ 21 սմ երկարություն, դրանց բոլորի արժեքը նույնն է՝ 8200 դրամ, որի մեջ հաշվարկվում է կանանց աշխատավարձը, հարկերը, անհրաժեշտ նյութերի ծախսը, իսկ այդ գումարի 15 %-ն էլ տրամադրում են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը:

 

Van

 

Հիմա արդեն 12 շրջանների տարազներով տիկնիկներ ունեն, ստացել են նաև 2 նոր շրջանների համար պատվերներ: Շատ դեպքերում մարդիկ ինչ-որ գյուղի անունով են ցանկանում պատվեր տալ, որի մասին իրենք անգամ չգիտեն: Փորձում են  ճշտել՝ հասկանալու համար, թե ինչ տարազով պետք է տիկնիկը գործել: Սկսել են նաև գինու շշի, այսպես ասած՝ «ծածկոցներ» և նաև՝ բանալիների համար մագնիսով կախազարդեր («բրելոկ») ստեղծել, որոնք ավելի մատչելի կլինեն և հասանելի կլինեն շատերին:

 

Karin (Erzroum)

 

 «Բացի այդ, տիկնիկն այնպիսի ապրանք է, որ մեկ հատ գնելիս' այն երկար տարիներ կարող է ծառայել, իսկ այս փոքրիկ նորույթները կարող են ավելի շատ գնել, քանի որ դրանց գինն ավելի մատչելի կլինի»,- ասել է Գ. Խաչատրյանը:

 

Talin Dolls- 3

Talin Dolls- 2

 

Տեղեկացնենք, որ «Թալինի տիկնիկներ» (Talin Dolls) կոչվող նախագիծն ունի նաև ինտերնետային կայք: