Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի19-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարությունյանը ասել է, որ նախկին մարզպետի հայցադիմումի քննարկման հետ կապված՝ շատ լուրջ զարգացումներ էին սպասվում, հայցադիմումն ակնհայտ սխալներ ուներ, միայն հեղինակի անուն-ազգանուն-հայրանվան մեջ երեք սխալ էր կատարվել:

 

«Լիսկան ոչ միայն իր անձնագրային ճիշտ անունը չէր ներկայացրել, այլև ներկայացել էր իբրև Սուրեն, այն դեպքում, երբ ամբողջ կյանքում ունեցել է Սուրիկ անունը, միաժամանակ օրենքի կարգով չէր ներկայացրել իր հայրանունը, անձնագրային համարը և մնացած տվյալները: Դատարան ներկայացնելուց հետո նա հայտարարեց, որ իբր ամիսներ առաջ փոխել էր անձնագիրը, մենք ճշտեցինք նույն օրը (տեսնելով նոր անձնագրի պատճենը), որ նա 2013 թվականի մայիսի 15-ին էր փոխել անձնագիրը և պարտավոր էր օգոստոսի 14-ին դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ դրանք ճիշտ ներկայացնել, ինչը չի արել: Դատարանը միայն այդ փաստը պարտավոր էր այն գլխից հաշվի առնել և հայցադիմումը վարույթ չընդունել, առավել ևս իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանի առարկությունից հետո, երբ նա հայտարարեց, որ տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում»,- ասել է Հարությունյանը:Նրա խոսքով՝ դատարանը պարտավոր էր վարույթից հանել այդ հայցադիմումը,սակայն դատավորը չգնաց դրան, այլ սկզբում Սուրիկ Խաչատրյանին համարեց ոչ պատշաճ հայցվոր, հետո անմիջապես դարձրեց պատշաճ:

 

 Առաջին հերթին ճիշտ պետք է լրացվի հայցադիմումը: Առաջին փաստաթուղթը, որ պիտի կցվի գործին, պետք է լինի անձնագիրը, ինչը չի արվել: Սրանք առաջին հայացքից թվում են մանրուքներ, սակայն իրականում էական դեր ունեն: Կողմնակալ վերաբերմունք դրսևորելով՝ դատարանը հիմք է տվել ենթադրելու, որ նախապատրաստվում է արդար վճիռ չընդունելուն: Սրանք Սամվել Հարությունյանի խոսքերն են:

 

«Թեև Գորիսի նախկին քաղաքապետը չի կարծում, որ այս բիրտ ռեժիմի պայմաններում հայաստանյան որևէ դատարան ընդունակ է արդար վճիռ ընդունել, բայց նաև չի պատկերացնում՝ ինչ վճիռ պիտի ընդունեն՝ պարզապես չունենալով որևէ փաստարկ: Նրա խոսքով՝ 23 տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները դրսևորել են հանցավոր անգործություն և գերադասում են դա շարունակել: Նոյեմբերի 19-ի նիստին պետք է միջնորդություններ ներկայացվեն դատարանում (դրանք վերաբերելու են մի քանի գործերի, ինչպես 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Սիսիանի դատախազությունում Արևիկ Միրզոյանի սպանության փորձի հետ հարուցված քրեական գործը, որը ծավալուն չէ՝ ամենաշատը մեկ հատոր, և որը կասեցվել է, 1996 թ. փետրվարի 17-ին Գորիս քաղաքի երիտասարդ բնակչի վրա Սուրիկ Խաչատրյանի կրակելու, և նրան ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու առնչությամբ հարուցված քրգործը և այլն)»,-գրում է կայքը:

 

Հարությունյանը հավատարիմ է մնում իր որոշմանը՝ ֆիզիկապես դատարան չի ներկայանալու, նաև տեղյակ չէ՝ Սուրիկ Խաչատրյանը դատական հաջորդ նիստին կներկայանա, թե ոչ:

 

 Նա նաև նշել է, որ պատրաստ է ծափահարությամբ ընդունել գործի քննությունն իրականացնող դատավոր Անի Մխիթարյանի կողմից ընդունված արդար վճիռը: