Երեկ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բավականին կոշտ արձագանքեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Էդմոն Մարուքյանի մասին արված հումորային արտահայտությանը։ Ինչպես հայտնի է, Մարությանը հայտարարել է ստեղծագործական գործունեությունը վերսկսելու մասին՝ մանրամասնելով, որ իր նոր մոնո-ներկայացման մեջ անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահին։
«Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոյից» դառնալ «քաղաքապետ Մարության», սա Խաժակյանի պատասխանն էր նախկին քաղաքապետին:
ԼՈՒՐԵՐ․com-ը Խաժակյանից հետաքրքրվեց՝ եթե իր բնութագրմամբ՝ Հայկոն ընկալվում է որպես դերասան, այդ դեպքում ինչու՞ նրա ասածին արձագանք չտրվեց հենց այդ դիտանկյունից՝ որպես հումորային, քաղաքական ենթատեքստ չունեցող սովորական դրվագի։
«Հայկ Մարությանը այլևս քենով լցված նախկին քաղաքապետ է՝ քաղաքական գործիչ, ով քաղաքը կառավարչական կոլապսի հասցնելուց հետո դեռ փորձում է ռևանշի հասնել: Իր համար սա քաղաքապետական քարոզարշավ է, որի ընթացքում նա և կգովազդի իրեն և գումար կաշխատի»:
Իսկ թե հաղթելու ի՞նչ շանսեր ունի Դավիթ Խաժակյանը գալիք տարի կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններով, մեր զրուցակիցն ասաց հետևյալը․
«Շանսերը կգնահատեն մեր բնակիչները, երբ թեկնածությունները առավել առարկայական լինեն: Ես միայն կարող եմ ասել, որ որքան աշխատել եմ քաղաքի համար, այդքան էլ պատրաստ եմ աշխատել»։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետ դառնալու հավակնության մասին արդեն հայտնել են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, նշվում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը։
Արա Ալոյան