Հայկ Մարությանը շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել այն շենք շինությունները, որոնց հենց ինքն էլ ժամանակին շինթույլտվություն է տվել։ Մի կողմ դնենք այն հարցը, թե ինչպես այդքան կարճ ժամանակում այդ շինությունները դարձան ապօրինի և եթե դրանք իսկապես ապօրինի են' ինչու չի պատժվել այդ շինթույլտվությունները տված և ոչ մի պաշտոնյա։
Ուշագրավը այն է, որ Հայկ Մարությանը երեք տարիների ընթացքում շինթույլտվություններ է բաշխել ոչ միայն մանր ու միջին ձեռնարկատերերին, այլ նաև խոշոր գործարարներին, այն էլ' նախկին իշխանությունների ամենաօդիոզ դեմքերին։ Խոսքը, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ»-ի մասին է, որը քաղաքապետարանին տրամադրել է երեք «Կամազ» մակնիշի մեքենա և որոշ ժամանակ անց ստացել 5800 քառակուսի մետր տարածքով ինքնակամ շինության օրինականացման որոշում։
Ամիսներ առաջ էլ քաղաքապետարանը պաշտոնապես ընդունեց, որ նախկին Հանրապետական նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Տերյան 5» ՍՊԸ-ն պարտավորվել է Շիրակի փողոցում համայնքային հողի վրա իրականացնել շինարարական աշխատանքներ և արդյունքը փոխանցել քաղաքապետարանին: Դրանից առաջ իշխանականները հերքում էին, թե եղել է գործարք, որով Խաչատրյանների ընտանիքին պատկանող ՍՊԸին Աֆրիկյանների քանդված տան տարածքում Մարությանը տվել է վերգետնյա 16 հարկի կառուցման շինթույլտվություն, մինչդեռ Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությամբ նախատեսված էր 11 հարկի կառուցում, իսկ ավել հարկի կառուցման համար կար լուրջ նախապայման:Շինարարները կփաստեն, թե Խաչատրյանների ընտանիքի համար որքան ձեռնտու գործարք է սա եղել, քանի որ կենտրոնի կենտրոնում այդպիսի մակերեսով հինգ հարկ ավել կառուցման շահույթը անհամեմատ ավելին է, քան Չարբախում այդպիսի շինարարության արժեքը: Շինթույլտվության դիմաց խաչատրյանների ընտանիքը քաղաքապետարանին փոշեկուլ ավտոմեքենաներ է նվիրաբերել։
Ամիսներ առաջ մամուլը գրել էր Անդրանիկ 123/8 հասցեում տեղի ունեցող շինարարության մասին: Քաղաքացիները բողոքել էին, որ շինարարություն իրականացնող Դավիթ Խաչատրյանը Հարավ արեւմտյան Բ-2 թաղամասի բազմաբնակարան շենքեր մտնող միակ ճանապարհի հաշվին շինություն է կառուցում:
Շինության համար փորված փոսն այնքան է նեղացրել ճանապարհը, որ մի քանի բազմաբնակարան շենքերի մուտքը անանցանելի է դարձել բեռնատարների, աղբատարների եւ ամենակարեւորը՝ հրշեջմեքենաների համար: Սա այսպեսասած՝ հին Հայաստանում, նախկին քաղաքային իշխանություններից կասկածելի պայմաններում ձեռք բերված թույլտվություններ են: Խիստ տարակուսելի է, թե ինչի դիմաց են կուլ գնացել Դավիթ Խաչատրյանի քմահաճույքներին և տրամադրել վիճահարույց հողակտորն ու շին թույլտըվությունները: Այս ամենի մասին քաղաքապետին անշուշտ տեղյակ են պահել, սակայն, վերջինս նախընտրել է չմիջամտել, նախկիների սրտի կառուցապատողին չնեղացնելու նպատակով։
2019 թվականի դեկտեմբեր ամսին քաղաքապետարանը շահագործման 25 թույլտվություն է տվել, որոնցից երկուսը ավելի քան ուշագրավ են: Օրինակ' «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին տված շահագործման թույլտվությունը: Սույն ՀԿ-ի կայքում հոգաբարձուների խորհրդի անդամ է նշված Սերժ Սարգսյանը, իսկ ՀԿ նախագահը Արսեն Քարամյանն է: Ինչպես երևում է' մերժենք Սերժին կարգախոսը, առնվազն, շինթույլտվությունների վրա չի տարածվել, ինչը, անշուշտ, ժողովրդավարության բաստիոնի դերում ամրապնդվելուն ուղղված ևս մեկ քայլ է:
2019-ին շինարակական թույլտվություն է տրվել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ին: Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հհ.18, 18/4, 18/5, 18/10, 18/16 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի «Ա» հատվածամասի հիմքերի կառուցման համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և Վահագն Արսենյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 17.05.2019թ. տրվել է հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 06.12.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-117520-1263 աշխատանքային նախագիծ և տրվել հ. 01/18-117520-1592 շինարարության թույլտվություն։
2020 թվականի հունվար ամսին էլ նախագծման 11 թույլտվություն է տրվել, որոնցից մեկը՝ «Մոդերն» քընսթրաքշն ՍՊԸ-ին: Վերջինիս սեփականատերն է հանդիսանում Սևակ Օխանյանը։ Մի փոքր փնտրելուց հետո գտնում ենք փաստաթուղթ, որտեղ նշված է այլ ընկերության՝ «Օստ Շին»-ի անունը, որի տնօրենի տեղակալը նույն Սևակ Օխանյանն է: «Օստ Շին»-ը, ըստ պետռեգիստրի կայքի, պատկանում է Օխանյան Ռոբերտին: «Օստ Շին»-ը մտնում է «Օստ գրուպ»-ի կազմի մեջ, որի կազմի մեջ է նաև Տիգրան Օխանյանին պատկանող «Օստ Էլ» ընկերությունը, որը ժամանակին շահագործում էր Հաղպատ 1 և Հաղպատ 2 փոքր ՀԷԿ-ը՝ չնայած բնապահպանների ահազանգերին:
Հասկանալի է, իհարկե, որ Մարությանի հետընտրական ապամոնտաժումների բումը վերը թվարկած անձանց շինություններին չի դիպչի, քանի որ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Նոր Հայաստանում հին Հայաստանի օդիոզ դեմքերը պակաս արտոնյալ կարգավիճակում չեն։