Սույն թվականի նոյեմբերի 5-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստ:

 

2012 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 22.45-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը՝ բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:

 

Դեպքի հաջորդ օրը կամավոր ոստիկանություն ներկայացած, 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը ներկայացրել է նաև նշված օդամղիչ ատրճանակը և հայտնել, որ Շարբաթյանի հետ ինքն է վիճաբանել և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին: Վերանյանը կալանավորվել է:

 

Վերանյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի՝ նա խմբի կազմում իր մոտ ունեցած որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և այդ ընթացքում դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկել Շարբաթյանին: