Շուրջ 17 տարի հայաստանյան դեղագործական շուկայում է բազմամյա փորձ ունեցող դեղագետների կողմից հիմնադրված «Ալֆա Ֆարմ» ընկերությունը: Այն իրավամբ համարվում է ոլորտի առաջատար. այս տարիների ընթացքում ընկերությունն իր աշխատակիցների թիվը հասցրել է շուրջ 650-ի և ստեղծել ավելի քան 120 դեղատներից բաղկացած ամենամեծ դեղատների ցանցը Հայաստանում:
«Ալֆա Ֆարմ»-ը Հայաստան է ներկրում և շուրջ 1000 դեղատներ և բուժհաստատություններ է մատակարարում աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքը: Իսկ օրերս ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Համաժողովրդական վստահություն» Հանրային խորհրդի կողմից նախաձեռնած «Լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» 3-րդ համազգային մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դեղատների ցանցը Հայաստանում» մրցանակին:
«Ալֆա Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ի սկզբանե աշխատանքի հիմքում դրվել է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և սպառողների նկատմամբ ցուցաբերվող հոգատար ու պատասխանատու մոտեցումը: Տարիների ընթացքում հետևողականորեն իրականացվող զարգացման քաղաքականության, գործունեության կազմակերպման նորարարական մեթոդների և որակ-գին համադրության լավագույն առաջարկի ռազմավարությունն է նպաստել սպառողների շրջանում ընկերության ձեռք բերած բարի համբավին:
2008 թվականից «Ալֆա Ֆարմ»-ի բաժնետերերի ցանկը համալրել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, ինչը նաև նոր ներդրումներ ապահովեց ընկերության համար: Դրանք, ըստ Արթուր Գրիգորյանի, ուղղվեցին ընկերության մատակարարման կենտրոնը և պահեստները ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանեցնելուն: Ոլորտի առաջատար ավստրիական Shafer ընկերության աջակցությամբ կառուցված մատակարարման ժամանակակից կենտրոնում «Ալֆա Ֆարմ»-ը ապահովում է դեղորայքի պահպանման և առաքման բոլոր միջազգային ստանդարտները, իսկ ավտոմատացված համակարգերի շնորհիվ հնարավորություն ունի վերահսկել պահեստում և դեղատներում առկա դեղորայքի ժամկետները:
Ընդհանրապես, անդրադառնալով դեղերի որակի վերահսկաման խնդրին, «Ալֆա Ֆարմ»-ի գլխավոր տնօրենը նշեց հետևյալը. «Մեր ցանցում սպառողը պարզապես չի կարող գտնել Հայաստանում չարտոնագրված դեղամիջոց: Ինչ վերաբերում է որակին, ապա նշեմ, որ նախքան մաքսազերծումը, ամբողջ դեղորայքն անցնում է հատուկ լաբորատոր ստուգում և փորձաքննություն»,-ասաց Արթուր Գրիգորյանը' հավելելով, թե «Ալֆա Ֆարմ» ընկերությունը ձգտում է, որպեսզի ներկրվող դեղորայքը չունենա 3 տարուց պակաս պիտանելիության ժամկետ, թեև օրենքով սահմանված նվազագույն ժամկետը դեղերի համար 1 տարի է»:
«Ալֆա Ֆարմ»-ը իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 80 համաշխարհային առաջատար արտադրողներից, այդ թվում' Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, ինչպես նաև համագործակցում է տեղական արտադրողների հետ: Լուրջ ներդրումներ են կատարվել նաև «Ալֆա Ֆարմ» ուսուցման կենտրոնում, որտեղ ցանցի դեղագետներն անցնում են շարունակական վերապատրաստում, ինչի արդյունքում հաճախորդներին տրամադրվում է գրագետ սպասարկում:
«Ալֆա Ֆարմ»-ը առաջիկայում սպառողին է ներկայանալու «հավատարիմ հաճախորդների» խրախուսման նոր զեղչային համակարգով, ինչպես նաև իրականացնելու է ցանցի ընդլայնման և դեղատների ձևաչափերի արդականացման ծրագրեր: