«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը այս տարվա փետրվարին հրապարակված Forbes ամսագրի «Ռուսական անշարժ գույքի թագավորները» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Կիևյան հրապարակի» սեփականատերեր Զարախ Իլիևին ու Գոդա Նիսանովին (1-ին հորիզոնական) և «ԻԿԵԱ Մոս» ընկերության ղեկավար Ինգվար Կոմպրադին (2-րդ հորիզոնական):
Կարապետյանը ծնվել է Հայաստանում, Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ստեղծել է «Տաշիր» ձեռնարկությունների խումբը, որի կազմի մեջ այժմ մտնում է 24 առևտրի կենտրոն, 7 հյուրանոց, 7 գրասենյակային շենք։ Հետագայում «Տաշիր»-ի Սամվելի բիզնես-կայսրությունը ներգրավեց նորանոր տնտեսական գիգանտների՝ նրան դարձնելով ամենահարուստ հայերից մեկն աշխարհում:
Ըստ նույն Forbes-ի՝ նա կարողացել է մեկ տարում իր կարողությունը մեծացնել 2,2 մլրդով՝ հացնելով 3.8 մլրդ դոլարի:
2012թ. ընթացքում Կարապետյանը միայն առևտրային անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 720 մլն դոլար եկամուտ:
Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշում են, որ Սամվել Կարապետյանը նախ սկսել է աշխատել Հայաստանում, 1990-ականներին տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծածախ առևտրով և կարի արտադրությամբ: Այժմ նրա ղեկավարած «Տաշիր»-ն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ ընկերություն, որի ստորաբաժանումները զբաղվոմ են շինարարությամբ, առևտրով և այլ գործունեությամբ:
Նշվում է նաև ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության մասին, որի ընթացքում Սամվել Կարապետյանը շոուի հաղորդավարներին և բազմաթիվ այլ մասնակիցների բնակարաններ է նվիրել: Բնակարան ստացած երջանիկների թվում է Քսենյա Սոբչակը:
Սերտ կապված լինելով ռուսաստանյան շրջանակներին՝ Կարապետյանը շարունակում է պահպանել կապերը Հայաստանի հետ: Նրա հարազատների մեծ մասը, այդ թվում եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Հայաստանում են բնակվում, իսկ վերջերս Կարապետյանը դարձավ հայաստանյան օլիգարխներից մեկի՝ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնքահայրը: