Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Լարված այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սպառնալիք ստեղծելով հայ ժողովրդի գոյության համար իր պատմական հողերում։ Այդ կապակցությամբ, վստահ եմ, որ եթե ինչ-որ երկիր և իրավունք ունի եւ կարող է միջամտել իրադրությանը, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հրադադարի հարցում շահագրգիռ կողմերը պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը․
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է»,- ասել է նա:
«Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ընդունակ անել այն հնարավորը, որը կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար»։
«Կարելի է որքան ասես երկար պահպանել պատրանքներն այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղյան հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա հասկանան նրանք, ովքեր շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձեւաչափին»,- ասել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է», որը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը․ «Վերջին օրերը լցված են ցավով և տագնապով ողջ հայ ժողովրդի համար, որը կրկին, ինչպես և 1915-ին, վտանգի առջև է և ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Արցախը մեծ խիզախությամբ է պաշտպանում իր դիրքերը սեփական հերոս որդիների կյանքի գնով։ Ամեն օր ավելի ու ավելի քիչ է մնում կասկածը, որ այս օրերին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները առանձին լոկալ հակամարտություն չեն։ Մեր աչքի առաջ վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է բռնկվել, որի կայծերը կարող են ավելի հեռուն գնալ տարածաշրջանում և հանգեցնել ավելի մասշտաբային հետեւանքների»,- ասել է նա։