Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը' հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի' զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում' ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով: «Սակայն այնպես, ինչպես նրանք են օգտվում այդ տեխնիկայից, մեզ չափազանց ձեռնտու չէ, և մենք իրավունք ունենք այդ մասին ասել, պահանջել և որոշակի ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե վերջ չտրվի ռազմական էսկալացիային և ռազմական հակամարտությանը, իսկ տվյալ դեպքում, այն, ինչ տեղի է ունենում սահմանին' Ադրբեջանի զինված ուժերի օգտագործմամբ, կրում է, այսպես ասած, խիստ ագրեսիվ բնույթ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
Նրա խոսքով' տվյալ դեպքում օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համակարգեր-համազարկային կրակ: «Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ օգտագործվել են լրջագույն զինատեսակներ՝ ТОС-1 համակարգեր: Դա շատ ժամանակակից զինատեսակ է' հագեցած թերմոբարիկ զինամթերքով, և այն որպես օրենք օգտագործվում է, երբ պատրաստվում է հարձակման լուրջ օպերացիա»,- ասել է Կլինցևիչը:
Սենատորը նաև ավելացրել է, որ Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը դադարեցնելու հարցը պետք է բարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ դա բարդ պայմանավորվածությունների հարց է, որոնցից շատերը կրում են փակ բնույթ: