Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը կարող է քննարկվել բացառապես կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման վարչության պետ Սամվել Մկրտչյանի գնահատմամբ' նման հարցի քննարկումը մինչ այդ անիմաստ է:
«Խաղաղապահ առաքելությունը կարող է իրականացվել միայն Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, և դրանից կախված կլինի նաև հարցը, թե ով է մասնակցելու առաքելությանը կամ ինչպես է իրականացվելու այն: Այդ ամենը պետք է ամրագրված լինի Խաղաղության համաձայնագրում, ինչը պետք է որոշվի բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այսինքն՝ դա ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սամվել Մկրտչյանը։
Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուի գնահատմամբ էլ, Ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրին զինող ցանկացած երկիր փաստացի նպաստում է հակամարտության շարունակմանը։ Ըստ Լահյուի, դա անթույլատրելի է: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորքերի խաղաղապահ առաքելության իրականացմանը հակամարտության գոտում, կապի սպան դա անվանեց հետաքրքրական կոնցեպցիա, սակայն շեշտեց, որ այն ՆԱՏՕ-ի նպատակների մեջ չի մտնում:
«Ներկա դրությամբ մենք նման հարց չենք քննարկում, սակայն եթե Հայաստանը, Ադրբեջան նաև մյուս շահագրգիռ կողմերը ցանկանան, դա կարելի է քննարկել»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։