Ադրբեջանական «Axar.az» կայքի հետ զրույցում Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Մուհամեդ Այաթուլահին հայտնել է, որ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ է այցելում Իրան Ադրբեջանից, որոնցից 80%-ը մուտքի արտոնագիր ստանալու ժամանակ նշում են, որ մեկնում են բուժման նպատակով:
«Իսկ դա նշանակում է, որ ամեն տարի Ադրբեջանից բուժման կամ ախտորոշման նպատակով Իրան է մեկնում 800 հազար մարդ»,- գրում է կայքը, ընդգծելով, որ ի տարբերություն Իրանի, Թուրքիայի դեսպանատունը հրաժարվեց նշել կոնկրետ թվեր:
Կայքը նաև հարցում է անցկացրել Բաքվում Իրանի և Թուրքիայի դեսպանատուն դիմող քաղաքացիների շրջանում, որոնց մեծամասնությունը դժգոհել է Ադրբեջանում առողջապահության ցածր մակարդակից և նշել, որ արտասահման է մեկնում բուժման նպատակով: