Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին:

 

Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ:

 

Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների` այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը:

 

Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է: