Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին: Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով:
Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը:
Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս: Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս:
Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել: