Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացված ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչելու մասին օրենքի նախագծին Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, ով միակն էր պատգամավոներից, որ դրական էր քվեարկելու:
Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով' պատեհ առիթ է անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը.
«Ռոբերտ Քոչարյան-Սարգսյան զույգի պաշտոնավարման արդյունքում Ղարաբաղը կորցրել է իր տեղը բանակցությունների սեղանից, և միջազգային բազմաթիվ ատյաններ փաստաթղթեր են ընդունել, որ իրենց ընկալմամբ' ԼՂ հարցը տարածքային վեճ է ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչը հարցի բովանդակության բացահայտ խեղաթյուրում է»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ վերջին նմանօրինակ բանաձևն ընդունվել է հոկտեմբերի 23-ին ԵԽ-ի կողմից:
Փաշինյանն անդրադարձավ նաև Զորի Բալայանի նամակին և նշեց, որ դա նշանակում է փաստացի հրաժարում բոլոր այն նպատակներից, որը ժողովուրդը որդեգրել է 88-ին' Ղարաբաղյան շարժման տարիներին:
«Ամեն ինչ արվում է, որ 88-ի անկախության պայքարն ընկալվի որպես չհասկացված մի քայլ, էմոցիոնալ պայքար, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ես կողմ եմ քվեարկելու ոչ այն պատճառով, որովհետև որ դեմ եմ սառը և պրագմատիկ հաշվարկին, այլ այն պատճառով, որ օրվա իրավիճակը հասկանում եմ սառը և պրագմատիկ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ քվեարկելու է հանուն ՀՀ և ԼՂՀ անկախության և քվեարկելու է ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության: