Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց երեկ քննարկման դրված' «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցը:

 

Վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: «Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ»,-ասաց Փոստանջյանը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը, նշելով, որ Փոստանջյանը ոչ թե վարման կարգի մասին է խոսում, այլ բովանդակային քննարկում է ծավալում:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենց համար տհաճ է անլուրջ քննարկում ծավալել, և հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար Արցախի ճանաչումը լրջագույն խնդիր է, և այն չի կարող մանրադրամ լինել քաղաքական նպատակների համար, հետևաբար, ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նշեց, որ այս հարցը վաղաժամ է, և հրաժարվեց մասնակցել քվեարկությանը:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ ձեռնպահ է քվեարկելու:

 

10 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն մերժեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրենքի նախագիծը: