Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները հետևողական վերահսկողություն են իրականացնում բնակելի բազմաբնակարանների ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ։
Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, համատիրությունների ակտիվ մասնակցությամբ, առկա խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարում։
Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում, օրինակ, 2013-2014թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների արդյունքում արդեն նորոգվել է ընդհանուր հանրագումարով 290 քմ հարթ տանիք՝ նախատեսված 420 քմ-ից և 300 քմ թեք տանիք՝ նախատեսված 700 քմ-ից։ Նախատեսված 10 մուտքերից 5-ում արդեն տեղադրվել են դռները, ջերմամեկուսացման ենթակա 80 գծմ կոյուղագծերից 30 գծմ-ի աշխատանքներն ավարտվել են։ Նախատեսվում էր մուտքերում 80 քմ պատուհանների ապակեպատում, որից 35 քմ-ն արդեն կատարված է. կատարված է նաև մուտքերի պատուհանները պոլիէթիլենային թաղանթով պատելու նախատեսված 1370 քմ-ից 360 քմ-ի աշխատանքը։
Համատիրությունների և բնակիչների միջոցներով վերանորոգվել են նաև Տիգրան Մեծի 74 շենքի 3-րդ մուտքը, Արցախի 18 ա հասցեի 3-րդ, 4-րդ շքամուտքերը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն